Փոփոխություններ կարվեն և՛ ցածր, և՛ միջին աշխատավարձ ստացողի համար. վարչապետ


Փոփոխություններ կարվեն և՛ ցածր, և՛ միջին աշխատավարձ ստացողի համար. վարչապետ
Մարտ 24 00:08 2017

Շենգավիթ վարչական համայնքում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ երիտասարդների բնակարանների խնդրին:

«Ամուսնանալու շեմի են, հիփոթեք են ուզում վերցնել, տոկոսը բարձր է»,-հարցրեցին վարչապետին:

Ի պատասխան՝ Կարեն Կարապետյանը խոստովանեց, որ երիտասարդների հետ կապված խնդիրները շատ են: «Ինչպե՞ս երիտասարդ ընտանիքը տնավորվի, մասնագետը համալսարանից հետո մտնի պետական համակարգ։ Մենք շատ դեպքերում աշխատանքի ընդունվելու ժամանակ պայման ենք դնում՝ փորձ, և խնդիրներ կան»,-ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ հիփոթեքային տոկոսների համար այսօր հնարավորությունների սահմաններում որոշակի արտոնություններ են տրվել:

«Չափը բավարար չէ, բայց հենց այսօր ՊԵԿ-ի ղեկավարի և Ֆինանսների ղեկավարի հետ նայել ենք, որ արտոնությունների հետ որոշակի փոփոխություններ անենք, որը վերաբերում է և՛ ցածր աշխատավարձ ստացողին, և՛ միջին, և՛ մեծ կորպորացիայում աշխատողներին: Այս աջակցությունը անհամաչափ է դուրս գալիս»,-ասաց նա:

Վարչապետը խոսեց նաև երկարատև լուծումների մասին՝ շատ աշխատել, որպեսզի կարողանալ շատ փող կուտակել:

«Բայցի դրանից՝ հիփոթեքային խաղի կանոնների մեջ վերևից սահմանափակում ենք անելու, որ բարձր աշխատավարձ ստացողին այս պահին չենք աջակցում, որովհետև դու ի վիճակի ես քո վարկը սպասարկել, այսինքն՝ վերաբաշխենք»,- ասաց նա:


Վարչապետը բացատրեց, որ բանկերի տոկոսների առումով որևիցե հանձնարարական չի կարող որևէ մեկը տալ և ասել, որ տոկոսդ պետք է իջեցնես:

«Բանկը փող առնող վաճառողն է, նույն բիզնեսն է, մեկը մեքենա է առնում վաճառում, մյուսը փող»:

Վարչապետը նաև նշեց, թե իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույքն են փոխարենը իջեցրել:

«Մենք չորս անգամ նվազեցրել ենք բանկերի տոկոսադրույքը և բանկերը կուտակել են բավական մեծ միջոցներ, այսօր փողի առաջարկը շուկայում ավելացել է և, հետևաբար, այդ պահանջարկը բերել է որակի տոկոսի նվազեցման»,- ասաց նա:

Ի դեպ, Կարեն Կարապետյանը նաև նշեց, որ տեղյակ է, որ այսօր արդեն առանց կանխավճարի վարկ տրամադրում են՝ շուկայի սղությունից ելնելով: