Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները


Ռուսական կողմը պարզաբանել է ՌԴ գործերի հավատարմատարին Թուրքիայի ԱԳՆ կանչվելու պատճառները
Մարտ 23 23:38 2017

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ` Թուրքիայում ՌԴ գործերի հավատարմատար Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի շուրջ որոշ հարցեր քննարկելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն:
«Ես կարող եմ ասել, որ Սերգեյ Պանովը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ թուրք գործընկերների հետ Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակի հետ կապված քննարկմանը մասնակցելու, ինչը սիրիական խնդրի կարգավորման համատեքստում շատ կարևոր է: Ինչպես հայտնի է, սիրիական հակամարտության կարգավորման գործում Թուրքիան հանդիսանում է մեր հիմնական գործընկերներից մեկը»,- ասել է Մարիա Զախարովան:
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատարը մարտի 23-ին կանչվել էր այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն:
PYD վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված կրակոցից թուրք զինվորի մահանալու առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին հորդորել էր քայլ ձեռնարկել իր տարածքում PYD գրասենյակը փակելու ուղղությամբ:
Բացի այդ, պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ ռուս զինվորները լուսանկարվել են PYD-ն ներկայացնող քրդերի հետ: