Սերժ Թանկյանն ու Ատոմ Եգոյանը մարտի վերջին կլինեն Հայաստանում. Արսինե Խանջյան


Սերժ Թանկյանն ու Ատոմ Եգոյանը մարտի վերջին կլինեն Հայաստանում. Արսինե Խանջյան
Մարտ 23 18:01 2017

Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր և մենակատար Սերժ Թանկյանն ու կանադահայա կինոռեժիսոր Ատոմ Եգոյանը մարտի վերջին արդեն կլինեն Հայաստանում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, որն արդեն Հայաստանում է:

«Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի Թանկյանից, Նազարյանից, Եգոյանից և ինձնից՝ շատ մարդիկ են մեզ արձագանքել և ապրիլի 2-ին լինելու են Հայաստանում»,- ասել է նա:

Խանջյանը չի բացառել, որ եթե ապրիլի 2-ին մեծ թվով խախտումներ արձանագրվեն և ժողովուրդը որոշի փողոց դուրս գալ պայքարի համար, իրենք նույնպես կմիանան նրանց: 

Հիշեցնենք, որ մի խումբ հայտնի սփյուռքահայ մտավորականներ 2016թ. սեպտեմբերին ստեղծել են «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններին։ Նախաձեռնությունը մտադիր է մինչև ապրիլ վերապատրաստել սփյուռքահայ դիտորդների, որոնք կժամանեն Հայաստան` հետևելու ընտրությունների ընթացքին: