Ո՞նց 85 տարեկան տատիկին անօգնական թողնեի. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ)


Ո՞նց 85 տարեկան տատիկին անօգնական թողնեի. Գագիկ Ծառուկյան (լուսանկարներ)
Մարտ 23 15:49 2017

Այսօր Սևանի կենտրոնում հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսեց նախընտրական քարոզչության ու ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին: Իր ելույթում նա հիշեցրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հայտարարությունը, ըստ որի՝ իր կողմից խոստումները՝ ազգաբնակչությանը օգնել այս կամ այն հարցով, ոչ այլ ինչ են, եթե ոչ ընտրակաշառք:

«Երեկ 85 տարեկան տատիկ է ինձ մոտեցել, ամուսինը մահացել է, ընտանիքը դրսում է, ոտքը երկու տեղից կոտրվածք ուներ: Հիվանդանոց է գնացել, 100 հազար դրամից ավելի գումար են ուզել: Պետպատվեր չկա, տատիկն էլ քոռ-փոշման հետ է եկել: Ինչպե՞ս կարող էի այդպես թողնել նրան, ո՞վ կթողներ այդպես: Կարծում եմ, ցանկացած մարդու, որ դիմեր այդ գումարը կտար, չէր թողնի ցավերի մեջ մնար»,- հայտարարել է նա:

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդը նշեց, որ իր թիմը ուշադրության կենտրոնում է պահում առողջապահության համակարգի փոփոխությունը, քանզի այնպես, ինչպես այսօր է, շարունակել չի կարելի. ամբողջ ազգը հիվանդ է, որովհետև փող չունի բուժվելու համար: Անձամբ իր կողմից մշակված 15 կետերում ամրագրված է, որ պետպատվերը կլինի ավելի արդյունավետ, մարդկանց սերտիֆիկատներ կտրվեն, որպեսզի նրանք այդ սերտիֆիկատով որոշեն, թե որտեղ են ուզում բուժում ստանալ: Բացի այդ, ամեն մարզում անվճար սպասարկմամբ հիվանդանոցներ են գործելու, իսկ ներդրումները հնարավորություն կտան ավելացնել բուժաշխատողների աշխատավարձերը:

«Ես չեմ ասում ՝ ինձ ձայն տվեք: Ասում եմ՝ ում հավատում եք, նրան էլ ձայն տվեք: Բայց իմացեք, որ ձեր ընտրությունից է կախված ձեր ապագան»,- ժողովրդին դիմելով՝ ասել է թեկնածուն:

Ըստ Ծառուկյանի՝ դաշինքի առաջնահերթությունների մեջ է մտնում նաև ուսանողների ուսման վարձերի փոխհատուցումը. «Որպեսզի ոչ մի առաջադիմություն ունեցող ուսանող դուրս չմնա կրթական համակարգից: Եվ հատկապես այս իմաստով խոշորացույցի տակ է լինելու մարզի երիտասարդությունը»: