Երբեք ոչնչից մի ընկճվեք. Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն


Երբեք ոչնչից մի ընկճվեք. Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն
Մարտ 23 14:37 2017

Այսօր Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որի բարձր հովանու ներքո էլ արդիականացվել է Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը:

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հենրիխ Մխիթարյանը մեկ առ մեկ անցել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր այն երեխաների հիվանդասենյակներով, որոնք գտնվում էին անկողնային վիճակում, զրուցել և լուսանկարվել է նրանց հետ, ֆուտբոլային գնդակներ, մարզաշապիկներ և իր ստորագրությամբ նկարներ նվիրաբերել նրանց:

Այնուհետև Հենրիխ Մխիթարյանն այցելել է կենտրոնի խաղասրահ, որտեղ հավաքվել էին տասնյակ երեխաներ:

Հենրիխ Մխիթարյանը կլոր սեղանի շուրջ զրուցել, խաղացել և լուսանկարվել է նրանցից յուրաքանչյուրի հետ, նրանց նույնպես հանձնել նվերներ, իսկ երեխաները Մխիթարյանին նվիրել են իրենց պատրաստած պաստառը և նրա համար կատարել իրենց իսկ մշակած երգը:

Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում:

«Երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար»,-ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագը։