Շտայնմայերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին


Շտայնմայերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին
Մարտ 22 21:28 2017

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և նշել, որ իր հռետորաբանությամբ Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի և իր գործընկերների հարաբերություններն ու կործանում այն ամենն, ինչ ստեղծվել է երկար տարիների ընթացքում, գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Շտայնմայերը նաև ընդգծել է, որ Գերմանիան մտահոգությամբ է հետևում Թուրքիայում զարգացող իրադարձություններին ու կոչ արել Թուրքիայի իշխանություններին չխզել կապերը մարդկանց հետ, ովքեր ցանկություն ունեն Թուրքիայի հետ համագործակցելու:

Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերությունները սրվել են եվրոպական մի քանի երկրների՝ այդ թվում Նիդեռլանդների հետ։ Հիշեցնենք, որ մարտի 11-ին Նիդեռլանդների վարչապետը թույլ չէր տվել, որպեսզի Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի օդանավը վայրէջք կատարի Ռոտերդամում, որտեղ նա մտադիր էր Թուրքիայում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել տեղի թուրքերի հետ:

Նույն նպատակով, սակայն արդեն ցամաքային ճանապարհով, Նիդեռլանդներ էր մեկնել Թուրքիայի ընտանիքի հարցերով նախարար Ֆաթմա Բեթուլ Սայան Քայան, որի մեքենան կանգնեցրել են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ թույլ չտալով առաջ շարժվել: Այնուհետև Նիդեռլանդների իշխանությունները նրան «անցանկալի անձ» են հայտարարել ու արտաքսել երկրից: