Հնդկաստանում Գանգես և Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել


Հնդկաստանում Գանգես և Յամունա գետերն իրավական անձեր են ճանաչվել
Մարտ 21 22:47 2017

Հնդկաստանի Ութարաքանդի նահանգի Բարձր դատարանը Գանգես եւ Յամունա գետերն իրավական անձեր է ճանաչել: Վճիռը կայացրել են Ալոքա Սինգհ եւ Ռաջիվ Շարմա դատավորները, որոնք քննել են Հարիդվարի բնակիչ Մոհամադ Սալիմի հայցը: Սալիմը դատարան է դիմել Գանգես գետի վտակներից մեկի ափամերձ հողերի զավթման առիթով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գանգեսը եւ Յամունան պահպանելու համար դրանք եւ դրանց բոլոր վտակներն ու հուներն իրավական անձեր են հայտարարվել՝ համապատասխան բոլոր իրավունքներով ու պարտականություններով, ասված է դատարանի վճռում: Այդ միջոցի անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ Գանգեսը եւ Յամունան «կորցնում են իրենց բուն գոյությունը»՝ ըստ որում լինելով հնդկական հասարակության կարեւոր մասը:
«Բոլոր հնդուիստները խորապես հավատում են Գանգեսին եւ Յամունային, նրանք կապված են այդ գետերի հետ: Գետերը կենտրոնական դեր են խաղում Հնդկաստանի բնակչության կեսի, նրանց առողջության եւ բարեկեցության համար: Դրանք մեզ համար ֆիզիկական եւ հոգեւոր աջակցություն են ապահովում անհիշելի ժամանակներից»,- հավելում են դատավորները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: