Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի խնդրին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ հանդիպմանն անդրադարձել է Արցախի խնդրին
Մարտ 21 11:25 2017

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպել է Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:

«Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով: Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում»,- ասել է Նորին սրբությունը։

Նա նշել է, որ Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին:

«Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը», - նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը: