Ադրբեջանն իրեն ԴԱԻՇ-ի նման է պահում. Հրաչյա Արզումանյան


Ադրբեջանն իրեն ԴԱԻՇ-ի նման է պահում. Հրաչյա Արզումանյան
Մարտ 20 12:40 2017

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Արցախում մեկնարկել է բլոգերների միջազգային ֆորումը, որի շրջանակում կքննարկվեն հարցեր սոցիալական մեդիայում հակամարտությունների ներկայացման և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովման վերաբերյալ:

Ֆորումին ներկա է նաև  «Աշխարհ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ռազմական և ազգային անվտանգության խնդիրների փորձագետ Հրաչյա Արզումանյանը, ով հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխվում, ալիևյան կլանն էլ շարունակում է վարակել հասարակությանը:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես է իրեն պահում ադրբեջանցի զինվորը: Բուդապեշտում ադրբեջանցի զինվորը կացնահարեց հայ լեյտենանտին, ում հետ միասին ՆԱՏՕ-ի «գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական ծրագրին էր մասնակցում: 16 անգամ հարվածեց լեյտենանտին, հետո էլ դրա համար պարգևատրվեց: Ապրիլին մենք նույնը տեսանք: Ադրբեջանն իրեն ԴԱԻՇ-ի նման է պահում, անգամ ավելի ցածր՝ գլուխների, ականջների կտրում և այլն: Սա նույն իրականությունն է, որը պետք է վերացնել», - ասել է նա:

Ըստ Արզումանյանի՝ ալիևյան կլանից ոչ միայն տարածաշրջանը պետք է ազատագրել, այլ նաև ադրբեջանական հասարակությանը. «Ադրբեջանցիներին ևս պետք է օգնել ազատվել ալիևյան կլանից: Ալիևյան կլանին միջազգային դատարան պիտի հանձնել 20 տարվա արածների և այն երիտասարդների դաստիարակման համար, որոնք կտրում են մարդկանց ականջներն ու գլուխները: Պետք է ադրբեջանական հասարակությանն օգնել բուժվել այս հիվանդությունից կամ միջազգային դատարանի միջոցով կամ էլ ռազմական ճանապարհով»: