Ամուսնական մատանու պատմությունը


Ամուսնական մատանու պատմությունը
Մարտ 19 14:00 2017

Մարդկային գոյության պատմության հենց սկզբից մարդիկ տարատեսակ խորհրդանիշներ են օգտագործել իրենց կողակցի հանդեպ տածած սերն ու նվիրվածությունն արտահայտելու համար:

Անկախ էթնիկ, մշակության, կրոնական պատկանելիությունից և կենսակերպի առանձնահատկություններից՝ մատանին բոլոր ժամանակներում սիրո և լուրջ մտադրությունների խորհրդանիշ է համարվել:

Պատմական փաստերը ցույց են տվել, որ պսակադրվելու ավանդույթը սկիզբ է առել Հին Եգիպտոսից, քանի որ Եգիպտոսը հնագույն քաղաքակրթություններից միակն էր, որտեղ ընտանիքը հասարակության կարևորագույն մասնիկն էր, ուստի՝ պսակադրությունն այնտեղ ոչ թե ավանդույթով պարտադրված ձևական երևույթ էր, այլ ամուր ընտանիքի կառուցման խորհրդանիշ:

Ամուսնական մատանին սիրո անվերջ շրջան էր խորհրդանշում: Եգիպտացիները կարծում էին, որ ամուսնական մատանին պետք է ձախ ձեռքի չորրորդ մատին դրվի, քանի որ հենց այդտեղով է անցնում «սիրո» արյունատար անոթը:

Միջին դարերում ընդունված էր, որ ամուսնական մատանին պետք է ռուբինի քարով լինի, քանի որ այն կիրք և նվիրվածություն է խորհրդանշում: Սաֆիրը նույնպես ընդունված քար էր, քանի որ դրա կապույտ գույնը ամեն ինչի սկիզբ և սիրո ծննդավայր էր խորհրդանշում:

Ադամանդի օգտագործումն ամուսնական մատանու պատրաստման մեջ սկիզբ է առել միջնադարյան Վենետիկից, քանի որ ադամանդն այդ ժամանակ համարվում էր սիրո կրակներից ստեղծված քար: