Պատմական փաստեր կեղծամների մասին


Պատմական փաստեր կեղծամների մասին
Մարտ 19 12:34 2017

Նորաձև կդառնա կեղծամը, թե ճաղատը, լիովին կախված է ճաղատ տիրակալի բնավորությունունից:

Ֆրանսիայի արքա Կառլ Ճաղատը հպարտորեն ցուցադրում էր իր ճաղատ գլուխը: Այդ պատճառով շատ պալատականներ` ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, սափրում էին գլուխները` նմանակելու իրենց տիրակալին:

Իսկ ահա Լյուդովիկոս XIV-րդը ոչ մի ցանկություն չուներ` ցուցադրելու իր սակավ մազերը: Այդ իսկ պատճառով` կեղծամները դարձան նորաձև, ընդ որում, ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ Եվրոպայում:

Հուլիոս Կեսարը, կեղծամի փոխարեն, դափնեպսակ էր կրում:

Կեղծամներ կրում էին գրեթե ամենուր: Ամեն ինչ սկսվել է Պարսկաստանից: Նրանցից հետո գաղափարը յուրացրել են հույները, ովքեր կեղծամ կրում էին միայն թատրոնում: Իսկ հռոմեացիները կեղածմներից օգտվում էին նաև առօրյա կյանքում: Հռոմում կեղծամը վկայում էր մարդու կարգավիճակի մասին:

Կեղծամը պատրաստում էին բնական մազերից: Պատրաստում էին նաև մահապատժի դատապարտված բանտարկյալների մազերից: Եթե մահապատժի դատապարտվածը շքեղ մազեր ուներ, կտակում էր հարազատներին, ովքեր նրա մահվանից հետո մազերը կարող էին մեծ գումարներով վաճառել:

Պետրոս I-ը կեղծամը տարել է Ռուսաստան: Նա շատ էր սիրում արևմտյան նորույթները: Պյոտր I-ի հրամանով` կեղծամներ սկսեցին կրել ոչ միայն պալատականները, այլև` զինվորականները:

 

«Շիկահեր» կեղծամ

Տղամարդիկ շիկահերներին ավելի շատ են ուշադրություն դարձնում: Օրինակ` Հին Հռոմում թեթևաբարո կանայք հիմնականում շիկահեր էին: Իսկ շիկահեր կեղծամը միշտ ավելի թանկ էր, քան մյուսները: Միջնադարում կարծում էին, որ բաց գույնի մազերը ազնվական արյան մասին են վկայում: XIV-րդ դարում Ֆրանսիայի թագավորը հրաման է արձակում, որն արգելում էր բաց գույնի կեղծամ կրել` թագավորական ընտանիքի անդամներից բացի որևէ մեկին: Լյուդովիկ XIV-րդ արքայի իշխանության ժամանակ` բաց գույնի կեղծամներ թույլատրվում էր կրել միայն երեկոյան, իսկ առավոտյան մուգ գույնի էին կրում: Շիկահեր կեղծամներն ավելի թանկ էին մնում: Ովքեր չէին կարողանում գնել բաց գույնի կեղծամներ, մուգ գույնի էին առնում և վրան ալյուր էին ցանում:

 

«Կարմրահեր» կեղծամ

Եվրոպական և անտիկ պատմության ժամանակաշրջաններում խարտյաշ մազերով կեղծամներ գրեթե չէին պատրաստում: Օրինակ` Եգիպտոսում և Հունաստանում խարտյաշ մազերն էկզոտիկ էին համարվում: Միջին դարերի Եվրոպայում վարսերի կարմիր գույնը վհուկ լինելու նշան էր համարվում: Խարտյաշ կեղծամներ սկսել են օգտագործել XIX-րդ դարի կեսերից, սակայն` ոչ սովորական ձևով. հենց այդ ժամանակ է կրկեսում հայտնվում կարմրահեր ծաղրածուի կերպարը:

«Սևահեր» կեղծամ

Հին Հռոմում սև մազերը պարկեշտության նշան էին համարվում: Օրինակ` շիկահեր կեղծամ կրող անառակ կանայք, ովքեր առավոտյան մարդամեջ էին մտնում, միշտ մուգ գույնի կեղծամ էին կրում: Հունաստանում, ինչպես նշեցինք, կեղծամներ կրում էին թատրոնում: Ընդ որում, դրական հերոսները միշտ շիկահեր էին, իսկ բացասականները` թխահեր: