Էսօր էլ հացի սեղան կնստենք ես, դու, մենք, բայց ոչ նա՝ Հաց բերողը. Ֆեյսբուքահայերը՝ Արթուր Սարգսյանի մահվան մասին


Էսօր էլ հացի սեղան կնստենք ես, դու, մենք, բայց ոչ նա՝ Հաց բերողը. Ֆեյսբուքահայերը՝ Արթուր Սարգսյանի մահվան մասին
Մարտ 16 17:57 2017

Այսօր Արմենիա բժշկական կենտրոնում մահացավ «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը՝ Հաց բերողը: Սարգսյանի մահվան լուրը խորը ցավով ընդունվեց հասարակության կողմից: Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարբեր օգտատերեր, անկախ մասնագիտությունից եւ զբաղեցրած կարգավիճակից իրենց ցավակցությունն են հայտնում Արթուր Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Armday.am-ն առանձնացրել է գրառումներից մի քանիսը:

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հաց բերողը մահացավ... Այսպիսին է հերոսների ճակատագիրը... Հաց բերողի դրական կերպարի մասին խոսում են անգամ դպրոցահասակ երեխաները, ուրեմն նրա կերպարը երկար է ապրելու, երկար են հիշելու այն արարքը , որը կոչվում է կյանքի գնով հաց հասցնել... Ցանկանում եմ ցավակցել բոլոր նրանց , ովքեր արագացրեցին Հաց բերողի մահը , քանի որ դուք մնացիք սերունդների անեծքի տակ, քանի որ դուք փորձեցիք կոտրել վատառողջ մարդու կամքի ուժն ու բարի հոգին... Բոլորդ պատժվելու եք, դա լինի այսօր կամ վաղը , միևնույն է պատժվելու եք, լինի Աստծո ձեռքով , թե մարդու ձեռքով, միևնույն է ՝ պատժվելու եք...

Տեղի ունեցածը ողբերգություն է՝ մեր հասարակության ողբերգությունը։ Արթուր Սարգսյանն էլ չկա։ ՉՄԱՀԱՑԱՎ՝ ՍՊԱՆԵՑԻՆ։
Սա երկիր է, որտեղ մարդուն սպանում են զուտ ՄԱՐԴ լինելու համար։
Խորապես ցավում եմ: Լուսինե Հայկի ֆեյսբուքյան գրառումն էր:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն  էլ գրում է. Շատերը գրում են, որ իշխանությունը սպանեց Հաց Բերողին: Իմ կարծիքով իշխանությունը Հաց Բերողին չի սպանել, այլ ճիշտ հակառակը, իրենք փորձում էին պաշտպանվել Արթուր Սարգսյանից:
Արթուրի մեջ զոհ տեսնողները իրեն դրանով նվաստացնում են: Հաց Բերողը զոհ չի եղել: Ինքն է իր ընտրությունը կատարել, ինքն է եղել նախահարձակը: Ինքն է հաց տանելով տապալել մի ողջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ծրագրերը: Ինքն է ընտրել իր ճակատագիրը և հացադուլ սկսել ու ստիպել (ոչ թե խնդրել), որ իրեն բաց թողնեն ու հասել է իր նպատակին: Ինքը երկու անգամ հաղթել է պետական համակարգին:
Սակայն դա իր համար քիչ էր: Բանտից դուրս գալով ասել է, որ իր նպատակն է տապալել այս ընտրություն կոչվող միջոցառումը ու գիտակցված կերպով կատարել է իր վերջին քայլը:
Իր մահը իր գիտակցված ընտրությունն էր:
Իր մահով նա մարտահրավեր է նետել քաղաքական համակարգ համարվող (իշխանություն և ընդդիմություն կոչվող կուսակցությունները) այս ճահճին:
Բոլոր դեպքերում Արթուրը հաղթել է, մնացածը մեր ընտրությունն է` մասնակցում ենք այս ողջ կեղծիքին, թե` ոչ:

Երգիչ Էդգար Գեւորգյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հաց բերողին սպանում են, իսկ ժողովրդի բերանից հաց թռցնողին պաշտոններ տալիս:

Արթուր Սարգսյանը դարձավ համակարգի հերթական զոհը։ Այս համակարգի համար մարդու կյանքն անգամ որևէ արժեք չունի և որևէ խոսքեր չեն փոխի այն իրավիճակը որն առկա է այսօր։ Ցավակցում եմ բոլոր հարազատներին։ Այս մասին էլ կարդում ենք փաստաբան Արամազդ Կիվիրյանի ֆեյսբուքյան էջում:

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանն էլ գրում է.Սերժ Սարգսյանը սպանեց ՀԱՑ ԲԵՐՈՂԻՆ. Աստված Հոգիդ լուսավորի ՄԵԾ ՄԱՐԴ

Անժելա Գրիգորյանն էլ գրում է. Դուք խոսում եք հերոսությունից ու մարդասիրությունից, ու մինչ դուք խոսում եք, դեռեւս ոչ մի հոդվածի հերոս, ոչ մի բանաստեղծության մուսա չդարձած մեկը ամառային մի օր բեռնատարով ճեղքում է ոստիկանության պատնեշը՝ դառնալով Հավերժի թեմա: Հիմա նա թեմա է ավելի, քան՝ ինչ-որ մեկը, հիմա նա թեմա է ի հեճուկս կուրծք ծեծող ԱԺ պտագամավորի թեկնածուների, որոնցից շատերն անգամ իրենց պատշգամբի տակ հավաքված ճնճղուկներին երբեք հացի փշրանքի չեն արժանացրել: Հիմա նա դառնալու է հերոս. գուցե տարվա մեջ մի օր, գուցե հենց այս օրը, հիշեն նրան ու հռչակեն այն միայն բարի գործերի օր: Գուցե այս օրը մարդիկ միմյանց բարություն անեն, վարակվեն դրանով, բայց չեն մտնի պատմության մեջ, քանի որ Արթուրը դրա համար հատուկ օր չէր ընտրել: Օրն էլ ընտրել նրան, խիղճն էր ընտրել օրը և ոչ թե օրը՝ խղճին: Արթուրը չէր անում, որ զարմացնի, բայց զայրացրեց: Անում էր, որ փրկի, բայց կործանեց ինքն իրեն: Գուցե նա մտնում էր այդ ՊՊԾ գնդի անիծյալ դարպաներից ներս՝ մտքում կրկնելով. «Թող ոչ մի զոհ չպահանջվի, ինձնից բացի»: Գուցե նա մեզնից առաջ գիտեր, որ այս օրը գալու է, քանի որ հանրապետականցված մեր երկրում էս օրը չի կարող չգալ խիղճ ունեցողների համար: Ծալե՛ք, ձեր վերցրած 5000 դրամ ընտրակաշառքի հետ ծալեք ու ձեր գրպանը դրեք ձեր խիղճը, փակե՛ք աչքերը, արհամարհանքով անցե՛ք փողոցում հաց բերողի ու այլ պահանջների համար հավաքված երիտասարդների կողքով, ասե՛ք բարձրաձայն, որ ուրիշ կերպ հիմա չես գոյատևի: Բա ո~նց, իհարկե չես ապրի, քանի որ ապրելն ու խիղճ ունենալը տարբեր բաներ են մի երկրում, որտեղ բոլորն ուզում են փոխել հարևանին ու երկիրը: Արթուրը գիտեր՝ ինչ էր անում և դրա համար չէր գնացել տարբեր թրեյնինգների, որ հասկանա այս կյանքում ինչ է ուզում: Նա ուզում էր ավելի լավ երկրում տեսնել ինձ, քեզ, մեզ: Նա նույն բանը կաներ իմ, քո, մեզ համար: Էսօր էլ հացի սեղան կնստենք ես, դու, մենք, բայց ոչ նա՝ հաց բերողը:

Armday.am-ի խմբագրակազմը եւս ցավակցում է Արթուր Սարգսյանի հարազատներին նրա մահվան կապակցությամբ: