ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մատակարարվող նավթամթերքի որակի վերաբերյալ: Վարչապետն ասաց, թե կատարված ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ խնդիրներ կան նավթամթերքի ու դիզվառելիքի որակի վերաբերյալ:
«Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ ինչպես նաև գործնականում առկա որոշակի բացերով, արդյունքում էական վնաս պատճառվում է սպառողներին և շուկային»,-ասաց նա:
Վարչապետը հանձնարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ ամսյա ժամկետում բենզինի, դիզելային վառելիքի և այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում, չարաշահումների վերացման որակի վերահսկողության գործառույթները առավել արդյունավետ իրականացման նպատակով ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների հստակ տարանջատման վերաբերյալ` հաշվի առնելով Հայաստանի ներքին շուկայում դրանց սպաման փաստացի կառուցվածքը:
«Հաջորդը՝ այս հարցը համատեղ քննարկել ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետ, մշակել այս ոլորտում առկա խնդիրները վերհանելու և կանխարգելող հստակ մեթոդաբանություն»,-եզրափակեց Կարապետյանը: