Անկախ նրանից, թե ով է իրականացրել, պետք է պատժվի. Հովհաննիսյանը՝ Ջրառատի միջադեպի մասին (տեսանյութ)


Անկախ նրանից, թե ով է իրականացրել, պետք է պատժվի. Հովհաննիսյանը՝ Ջրառատի միջադեպի մասին (տեսանյութ)
Մարտ 14 19:59 2017

ՀՀԿ-ն նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Նոր- Նորք վարչական շրջանում հանդիպում է ունեցել վարչական շրջանի բնակիչների հետ: Նախընտրական հանդիպմանը ներկա է եղել ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանը, կուսակցության համամասնական ցուցակի առաջին եռյակի ներկայացուցիչներից Արփինե Հովհաննիսյանը եւ Տարոն Մարգարյանը:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Նոր- Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, եւ թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Ղուկաս Ուլիխանյանը:

Լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն անդրադարձավ Ջրառատում տեղի ունեցած միջադեպին: «Եթե Ջրառատում տեղի է ունեցել հանցագործություն, պետք է պատժվի, անպայման իրավապահների արձագանք պետք է լինի»,- ասաց Հովհաննիսյանը: 

Հարցին՝ արդյոք վստահ է, որ հավասարաչափ քննություն կլինի, չէ՞ որ դրա կոչն արել է Սեյրան Օհանյանը եւս, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ինձանից լավ գիտեք, որ ես այն անձը չեմ, ով կարող է նման բան երաշխավորել։ Բայց որպես ՀՀԿ ներկայացուցիչ, կարող եմ երաշխավորել, որ բազմակողմանի, լրիվ, պատշաճ քննություն տեղի կունենա։ Այս ամենը պետք է խստորեն պատժվի եւ ամենխիստ ձեւով արձագանք պետք է լինի»։

Հարցին, թե ինչ է սպասվում Լեռնիկ Երանոսյանին, որը, ըստ հրապարակումների՝ կրակոցներ արձակողն է, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Անկախ նրանից, թե ով է իրականացրել, ովքեր են միջադեպի կիզակետում գտնվողները, արձագանքը պետք է լինի միեւնույնը։ Վերաբերմունքը պիտի լինի նույնը եւ խիստ։ Անձնավորված տարբերակում չկա, տարբերություն չկա, թե ովքեր են»։