Ռուսաստանն անձնագրեր կբաժանի ԽՍՀՄ-ում ծնվածներին


Ռուսաստանն անձնագրեր կբաժանի ԽՍՀՄ-ում ծնվածներին
Մարտ 12 17:40 2017

Ռուսաստանի քաղաքացիություն կստանան բոլոր ցանկացողները, ովքեր ծնվել են ԽՍՀՄ-ում։ Այժմ նրանց պետք չի լինի փաստագրական հաստատում՝ այլ պետության քաղաքացիությունից հրաժարվելու մասին՝ գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Պարբերականի տեղեկություններով՝ ազգությունների հարցերով Պետդումայի կոմիտեն հավանություն է տվել օրինագծին, որը դյուրացնում է ռուսական քաղաքացիության ստացումը «ռուսերենի կրողների» համար։ Փաստաթուղթը նախատեսում է ուղղումներ «ՌԴ քաղաքացիության մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» օրենքներում։

Այն մշակվել է՝ համապատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականի։ Օրենսդիրներն առաջարկել են «ռուսերեն լեզվի կրողներ» կատեգորիայի տակ առնել ԽՍՀՄ-ում ծնվածներին, ինչպես նաև նրանց, ովքեր Ռուսաստանում ծնված հարազատներ ունեն։

Նախագիծն ուսումնասիրման էր ներկայացվել 2016 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի կողմից («Եդինայա Ռոսիա»)։

Առաջիկայում օրինագիծը կդիտարկվի Պետդումայի այլ կոմիտեների կողմից, իսկ հետո քվեարկության կդրվի Դումայում։