Երեւանում կկայանա հայ-հունական բիզնես համաժողով


Երեւանում կկայանա հայ-հունական բիզնես համաժողով
Մարտ 10 15:10 2017

Երեւանում ընթացիկ տարեվերջին տեղի կունենա հայ-հունական բիզնես համաժողով: Այս մասին հայտարարվեց մարտի 10-ին կայացած Հայաստանի եւ Հունաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Էդվարդ Նալբանդյանի գնահատմամբ՝ հույն գործընկերոջ այցը եւ դրա շրջանակում տեղի ունեցած հանդիպումները լավ հնարավորություն ստեղծեցին ակտիվ երկխոսությունը շարունակելու, հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համար: Կողմերը համակարծիք էին, որ պետական հարաբերությունների ներկայիս մակարդակը զիջում է դարավոր բարեկամությանն ու համակրանքին, եւ պայմանավորվեցին կապերի խորացման համար լրացուցիչ ջանքեր գործադրել: Զրուցակիցներն անդրադարձան տնտեսության, պաշտպանության, մշակույթի ոլորտներում կապերի խորացմանը, քննարկեցին Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունները: Փաստաթուղթ ստորագրվեց դիվանագիտական կադրերի ուսուցման եւ վերապատրաստման շուրջ:

Նիկոս Կոցիասն, իր հերթին, նշեց, որ հարաբերություններում անհամաչափություն է նկատվում, իսկ գոյություն ունեցող պոտենցիալը չի օգտագործվում: Նրա խոսքով՝ տնտեսական կապերի խորացման նպատակով տարեվերջին ծրագրվում է ներդրումների հնարավորությունների ուսումնասիրման նպատակով Երեւանում բիզնես համաժողով անցկացնել հույն ձեռնարկատերերի մասնակցությամբ: Նախարարը հավաստիացրեց ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցում աջակցելու հունական կողմի պատրաստակամության մասին: Խոսելով վիզային ռեժինի ազատականացման հեռանկարների մասին՝ նախարարը նշեց, որ իր ամառանոցի կողքին երկու հայ ընտանիք է ապրում: Վիզային ռեժիմի ազատականացումը վկայում է, որ Հայաստանը եվրոպական մշակույթի ու պատմության եւ Եվրոպայի ապագայի մասն է, նշեց նախարարը: