«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը պատրաստ է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում. Հանդիպել են վարչապետին


«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը պատրաստ է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ-ում. Հանդիպել են վարչապետին
Հունվար 12 15:52 2017

«Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը պատրաստ է նոր ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:

Կառավարության կայքէջից տեղեկանում ենք , որ վարչապետը կարեւորել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի գործունեությունը մեր երկրում եւ պատրաստակամություն հայտնել քննարկել ընկերության առաջիկա ծրագրերը, հուզող հարցերն ու խնդիրները:

Քիթ Սանդերսն ընդգծել է, որ գիտեն բիզնես համայնքի նկատմամբ կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի մասին եւ ավելացրել, որ «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանում ծավալող գործունեությանը:

Սանդերսը տեղեկացրել է, որ պատրաստվում են մեր երկրում իրականացնել նոր ներդրումային ծրագրեր, քանի որ դրա համար կան նշանակալի հնարավորություններ, հատկապես այն պարագայում, որ ի դեմս կառավարության՝ ունեն բիզնեսին աջակցող գործընկեր: «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի տարածաշրջանային տնօրենի խոսքով՝ իրենց ընկերությունը պատրաստ է նաեւ իր գործունեությամբ արտաքին ներդրողներին Հայաստանը ներկայացնել որպես բիզնեսի համար ցանկալի հանգրվան եւ հավելել, որ ընկերության սոցիալական եւ ուսումնական բնույթի ծրագրերը եւս կրելու են շարունակական բնույթ:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Կոկա-Կոլա Հելլենիկ»-ի՝ ՀՀ-ում գործունեությունն ընդլայնելու նախաձեռնությունը եւ նշել, որ կառավարությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել դրանց իրականացմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ բիզնես դաշտի բարելավմանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններին եւ հակամենաշնորհային քաղաքականության հետ կապված հարցերի: