եկեղեցու համար հունվարի 13-ը Հին Նոր տարի չէ. Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան


եկեղեցու համար հունվարի 13-ը Հին Նոր տարի չէ. Տեր Բաբկեն քահանա Հայրապետյան
Հունվար 12 18:30 2017

Եկեղեցու համար հունվարի 13-ը Քրիստոսի անվանակոչության տոնն է, ոչ թե Հին Նոր տարի: Այս մասին այսօր` հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Նրա խոսքով` տոնը լրիվ այլ նշանակություն ունի, մարդիկ չիմանալով են այն անվանում Հին Նոր տարի:

«Քրիստոսի ծնունդից հետո նրան տարել են Երուսաղեմ, այնտեղ կնքել են եւ անվանել Հիսուս, որը եբրայերենից թարգմանված նշանակում է` փրկիչ: Ես դեմ չեմ, որ մարդիկ ուրախանան, նշեն, բայց գոնե իմանան տոնի իրական խորհուրդը»,-ասաց Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն ու հավելեց. «Մենք հին ու նոր չենք ունեցել: Մեր ամենասրբազան տոմարը հայկյան հաղթանակն էր, որ համընկել է Նավասարդի մեկի հետ՝ օգոստոսի 11-ին: Հունվարի 13-ը՝ Տիրոջ անվանակոչության օրը, անշարժ տոն է Հայ առաքելական եկեղեցու համար: Եկեղեցին հին ու նոր տարի չի նշում, այլ նշում է Տիրոջ անվանակոչության տոնը»:

Նրա խոսքով, Հայ եկեղեցին Քրիստոսի անվանակոչության օրը տոնում է հետեւյալ կերպ. քահանան ընտրում է համայնքի բնակիչներից որեւէ մեկին, ով հունվարի 6-ին խաչը պետք է տանի իր տուն, իսկ հունվարի 13-ին քահանան ինքն է գնում խաչը տանողի, այսինքն խաչի քավորի տուն ու հետ բերում խաչը եկեղեցի:

«Խաչի քավորին ընտրում ենք մենք, հաշվի առնելով նրա նվիրվածությունը եկեղեցուն, նրա հայրենասիրությունը, ազնվությունը հայրենքի եւ մարդկանց նկատմամբ: Այս տարի, իմ համայնքում խաչի քավորը մի ազատամարտիկ է լինելու»,-նշեց Տեր Բաբկեն քահանա:

Նշենք, որ Հուլյան տոմարի համաձայն` տարին ուներ ոչ թե 365 օր, 5 ժամ, 48 րոպե, 46 վայրկյան, այլ 365 օր, 6 ժամ, այսինքն՝ ճշգրիտ հաշվումներով որոշված տարուց 11 րոպե 14 վայրկյանով երկար էր։ Սխալմունքը վերացնելու նպատակով Հռոմի Գրիգոր 13-րդ պապը Եվրոպայի նշանավոր տոմարագետներին հրավիրում է Հռոմ, որպեսզի նորը մշակեն։ Բազմաթիվ նախագծերից ընդունվում է իտալացի բժիշկ եւ աստղագետ Ալոիս Լիլիոյի նախագիծը, որը կիրառվեց 1582 թվականի հոկտեմբերի 15-ից։ Քանի որ հուլյան տոմարի 11 րոպե 14 վայրկյանի սխալը Ն.Ք. 46 թվականից մինչեւ 1582 թիվը կուտակվել դարձել էր 10 օր, այսինքն` ժամանակը 10 օր ետ էր ընկել, ուստի սխալն ուղղելու համար որոշվեց 1582 թ. հոկտեմբերի 4-ից հետո ոչ թե հոկտեմբերի 5-ը նդունել, այլ` հոկտեմբերի 15։ Քանի որ 1582 թվականից մինչեւ 1918 թվականը, այսինքն` 336 տարում վերոհիշյալ 11 րոպե 14 վայրկյանը կուտակվել էր եւ դարձել 3 օր, ուստի այդ երկրում նոր տոմարը հնից երկար էր ոչ թե 10, այլ 13 օրով։



loading...