Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է.


Ներսես Պողոսյանի պաշտպանները դիմում են ՀՀ գլխավոր դատախազին. ՀՀ-ում մարդու իրավունքի նկատմամբ հարգանքը բացակայում է.
Հունվար 12 11:35 2017

Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանները պատասխանել են ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Ներսեսն հացադուլ անելով ցանկանում է արժանանալ ուշադրության եւ դա նրա իրավունքն է:

Պաշտպաններ Նինա Կարապետյանցի եւ Արայիկ Պապիկյանի հայտարարության մեջ ասվում է.

«ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաեւ Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:

Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:

Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց եւ հետագայում նաեւ կալանավորվեց:

Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ եւ/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, եւ անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսեւորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:

Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի եւ ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով:

Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի ՉԷ.

1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների եւ ազատությունների անքակտելի հիմքն է:

2. Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:



loading...