Armenian Europe Music Awards -ին կերգեմ ապրիլյան պատերազմի տղաների համար ու թող երգս երկինք հասնի. Քրիստինե Պեպելյան


Armenian Europe Music Awards -ին կերգեմ ապրիլյան պատերազմի տղաների համար ու թող երգս երկինք հասնի. Քրիստինե Պեպելյան
Մարտ 6 00:03 2017

2017 թվականի մարտի 26-ին Փարիզի Զենիթ համալիրում առաջին անգամ կանցկացվի Armenian Europe Music Awards մրցանակաբաշխությունը: Շուրջ 5900 նստատեղով և գերհզոր տեխնիկայով համալիրում ներկայանալու են հայրենական շոու-բիզի ներկայացուցիչները, ինչպես նաև Ֆրանսիայի հայտնի արտիստներ:

Հետաքրքրությունը մրցանակաբաշխության նկատմամբ գնալով մեծանում է, արդեն հայտնի է, որ դրան մասնակցելու են Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Իվետա Մուկուչյանը, Թաթա Սիմոնյանը և այլք:

Armday.am-ը մրցանակաբաշխության մասին զրուցել է Քրիստինե Պեպելյանի հետ:

-Քրիստինե՛, ի՞նչ սպասելիքներ ունեք Armenian Europe Music Awards-ից։ Հայաստանում կարծես տևական ժամանակ լայնամասշտաբ մրցանակաբաշխություններ չեն կազմակերպվում, այդ առումով՝ սա որքանո՞վ սպասված իրադարձություն է։

-Կարծում եմ շատ արտիստներ իսկապես շատ կարոտել են նման միջոցառման: Սա կլինի սպասված հանդիպում բոլորիս համար: Ես անհամբեր եմ:

-Նման մրցականաբաշխություն Եվրոպայում առաջին անգամ է անցկացվելու, ծանո՞թ եք կազմակերպիչներին և առհասարակ, ըստ Ձեզ,հավակնո՞ւմ է Armenian Europe Music Awards-ը դառնալ ամենամյա։

-Իհարկե, կազմակերպիչների հետ ծանոթ եմ, առիթ եղել է մասնակցել նրանց կազմակերպած համերգներին: Առաջին տարին, ամենայն հավանականությամբ, ամենադժվարն է ու ես ուրախ եմ, որ կլինեմ այս գեղեցիկ միջոցառման մասնակիցը: Հուսամ, որ իմ ներկայությամբ կկարողանամ օգտակար լինել ոչ միայն որպես արտիստ, այլև պարզապես որպես հայ: Ակնկալում եմ, որ սա կլինի շարունակական պրոեկտ ու մաղթում եմ մեծ հաջողություն բոլորիս՝ թե՛ կազմակերպիչներին, թե՛ մասնակիցներին:

Ի՞նչ կատարումներով եք ներկայանալու մրցանակաբաշխությանը, Ձեզ հայտնի՞ է, թե որ անվանակարգերում եք նոմինացված:

-Ինձ հայտնի չէ, թե որ անվանակարգում եմ նոմինացված, բայց, իհարկե, հայտի է, թե ինչ եմ երգելու (ժպտում է): Կներկայանամ «Մարտիկի երգը» կատարմամբ և քանի որ մրցանակաբաշխությունից ընդամենը օրեր անց ապրիլյան պատերազմի տարելիցն է, կերգեմ մեր բոլոր այն տղաների համար, ովքեր իրենց կյանքն են զոհել հանուն մեր կյանքի, մեր խաղաղության…Կերգեմ…ու թող երգս երկինք հասնի, որ նրանք լսեն ու իմանան, որ իրենք մեզ հետ են, որ այդ օրվա մի մասն են լինելու, որ հիշում ու շնորհակալ ենք իրենց:

-Մրցանակաբաշախության կազմակերպիչները նշում են, որ սա նաև հայ-ֆրանսիական մշակույթների միջև կապ ստեծելու և այն ամրապնդելու հնարավորություն է, ըստ Ձեզ որքանո՞վ են սպասված հայ արտիստները ֆրանսիահայ հանդիսատեսի կողմից։

-Համոզված եմ, որ սա շատ տպավորիչ նախագիծ է: Կազմակերպիչները ամեն բան անում են, որ այն կայանա: Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցներին մի կտոր Հայաստան կտանենք մեզ հետ, իրենցից էլ կվերցնենք սեր ու հիշողություններ:

-Տևական ժամանակ է, նոր տեսահոլովակներով հանդես չեք եկել, մինչդեռ դրանք սպասված են Ձեր լսարանի կողմից։ Ի՞նչ ծրագրեր ունեք, նոր երգեր ու տեսահոլովակներ ե՞րբ կլինեն և արդյոք դրանցում կտեսնենք մեզ ծանոթ Քրիստինեին, թե՞ կտրուկ փոփոխություններ են սպասվում։

Հենց Փարիզում՝ մրցանակաբաշխությունից հետո մի քանի օր կմնամ, որպեսզի նկարահանեմ իմ նոր տեսահոլովակը ու նոր միայն կվերադառնամ: Հուսով եմ, որ մարդկանց այն դուր կգա:

-Քրիստինե Պեպելյանն այս փուլում ունի՞ «անավարտ թռիչք», որի « կարոտից խենթացած» «հակառակ քամուն քայլում է դեռ»:

-Այո՛, դա նոր աշխատանք ներկայացնելու կարոտն է, ինչը և կլինի շատ շուտով (ժպտում է)