«Հրապարակ». Վրաստանը ներառվում է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում, իսկ Հայաստանը դուրս է մնում դրանցից


«Հրապարակ». Վրաստանը ներառվում է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում, իսկ Հայաստանը դուրս է մնում դրանցից
Հունվար 12 10:06 2017

«Ռուսական «Կոմերսանտը» երեկ ուշագրավ հրապարակում էր արել Վրաստանի զբոսաշրջության մասին։ Պարզվում է՝ անցած տարի մեր հարևան երկիրը զբոսաշրջության ոլորտում ռեկորդ է արձանագրել. Վրաստան է այցելել 6 միլիոնից ավելի զբոսաշրջիկ, 2 միլիարդ դոլարից ավելի եկամուտ է այն բերել երկրին։ Իսկ «Վոգ» ամսագիրը Վրաստանը ներառել է ամենապոպուլյար տուրիստական ուղղությունների ցանկում։ Ահա այսպես դանդաղ քայլերով մեր հարևան երկիրը շտկում է մեջքը, բարելավում տնտեսական վիճակը։ Իսկ մենք ոչ կարողանում ենք օգտվել մեր առավելություններից, ոչ էլ անգամ օրինակ են վերցնում նրանից։ Այդ ինչե՞ս ստացվեց, որ հարուստ պատմություն և ցուցադրելու բան ունեցող Հայաստանը, որը նաև գեղեցիկ բնություն ունի, բարեհամբույր ու աշխատասեր բնակչություն, չի կարողանում գրավել Էկզոտիկ տուրիզմի սիրահարներին, Եվրոպաներից վտարված ռուս զբոսաշրջիկներին, մերձավոր Իրանին, իսկ Վրաստանը կարողանում Է։ Ոչ միայն չի կարողանում զբոսաշրջիկներ «խլել» հարևանից, այլ հենց ինքն Է լրացնում Վրաստան մեկնողների շարքերը։ Վերջին տարիներին Վրաստանում շատ ավելի հայ Է հանգստանում, քան հայաստանյան հանգստավայրերում:

Իսկ աշխարհը փոխվել է։ Նախ, զբոսաշրջությունն աճել է՝ մարդիկ այժմ ավելի շատ են շրջագայում, աշխարհ տեսնում, նոր տպավորություններ փնտրում, քան 10-20 տարի առաջ։ Եվ պետություններն էլ հասկացել են, որ սա շատ եկամտաբեր տնտեսության ճյուղ է և դրան չի կարելի մատների արանքով նայել»,–գրում է թերթը։