Վրացական ընդդիմությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել է որպես «դավաճանական ու կապիտուլյացիոն»


Վրացական ընդդիմությունը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել է որպես «դավաճանական ու կապիտուլյացիոն»
Հունվար 11 23:26 2017

News Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական ընդդիմությունը կոշտ քննադատության է ենթարկել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր ստորագրելու մասին Վրաստանի կառավարության որոշումը։

Վրաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարվել է, որ «Գազպրոմ-էքսպորտ» ընկերության հետ բանակցային երեք փուլերից հետո վրացական կողմը համաձայնվել է ստորագրել համաձայնագիր, որի համաձայն՝ Վրաստանի տարածքով Հայաստան ռուսական գազի տարանցման արժեքը վճարվելու է ոչ թե գազով, ինչպես մինչ այս էր, այլ՝ դրամական ձևով։

Համաձայնագրի պայմաններով՝ Վրաստանն իրավասու է ձմեռային ժամանակաշրջանում գազի հավելյալ ծավալների կարիքի դեպքում «Գազպրոմ»-ից այն գնել շուկայականից ցածր գնով։

Մի շարք փորձագետներ արդեն իսկ հայտարարել են, որ Վրաստանն այդպիսով իրեն դնում է կախյալ վիճակում և արդեն չի կարող ազդել Ռուսաստանի որոշման վրա անհրաժեշտության դեպքում գազի վաճառքից հրաժարվելու համար։

«Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը որակել են որպես «դավաճանական ու կապիտուլյացիոն»։ ՄԱՇ-ի պատգամավոր Սերգի Կապանաձեն հայտարարել է, որ այդ պայմանագիրը Վրաստանի համար նշանակում է Ռուսաստանի հետ հարաբերություններում գոյություն ունեցող լծակի կորուստ.

«Կառավարությունը Ռուսաստանին տալիս է ևս մեկ գործիք Վրաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Գազի տարանցման վերաբերյալ Ռուսաստանի հետ պայմանագրի կնքումը կապիտուլյացիայի դրսևորում է, դա հանցանք է»։



loading...