Արդյոք կարելի՞ է կոսմետիկ միջոցներ օգտագործել հղիության ընթացքում


Արդյոք կարելի՞ է կոսմետիկ միջոցներ օգտագործել հղիության ընթացքում
Հունվար 11 22:38 2017

Կինը ձգտում է գեղեցիկ երևալ իր կյանքի բոլոր փուլերում, և այդ պատասխանատու ու երջանիկ ժամանակահատվածը բացառություն չէ: Սակայն ապագա մայրերը մտածում են նաև կոսմետիկ միջոցների անվտանգության և օգտակարության մասին, ու ոչ միայն դրանց արտաքին ազդեցության մասին:
Ոմանք առհասարակ հրաժարվում են դեմքի և մարմնի խնամքի միջոցներից, դադարում են օգտագործել դեկորատիվ հարդարման միջոցներ կամ մազի ներկեր: Արդյոք հարկավո՞ր են նման զոհողություններ, երբ շուկայում գոյություն ունի հատուկ հղիների համար ստեղծված կոսմետիկայի մեծ ընտրություն:
Ընտրություն կատարելիս առաջին հերթին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա բաղադրությանը. այն չպետք է պարունակի հորմոնալ բաղադրիչներ և կենդանական ծագում ունեցող նյութեր (լանոլին), քանի որ այդ միջոցները ազդում են ոչ միայն մայրիկի մաշկի վրա, այլև երեխայի վիճակի վրա:
Հղի կանանց ամենամեծ վախերից մեկը մաշկի վրա հղիության սպիների առաջացումն է: Դրանց կանխարգելման համար բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործել բնական բուսական (ձիթապտղի, ցորենի սերմերի կամ ժոժոբայի) կամ երեխաների համար նախատեսված յուղեր, որոնք հագեցած են նարնջի, խորդենու, ներոլիի, լավանդայի եթերայուղերով: Նախօրոք անհրաժեշտ է խորհրդակցել գինեկոլոգի հետ, քանի որ ալերգիայի առկայության դեպքում պետք է հրաժարվել դրանց կիրառումից:
Հաջորդ վախը կապված է ցելյուլիտի առաջացման հետ: Հղիության ընթացքում ցելյուլիտի առաջացումը պայմանավորված է հորմոնների ազդեցությամբ, և դրանց դեմ պայքարն անիմաստ է: Սակայն մաշկի ձգությունը հնարավոր է պահպանել ծովային աղով ոչ երկար լոգանքներ ընդունելով` հագեցած նարնջի կամ գրեյֆրուտի յուղով:
Քսուքների տեսանկյունից հարկավոր է խուսափել տաքացնող (պղպեղի յուղ) կամ սառեցնող (մենթոլ) բաղադրիչներից, քանի որ հղիության ընթացքում երակների վրա ծանրաբեռնվածությունն առանց այդ էլ մեծ է. այդ պատճառով էլ նման միջոցների օգտագործումը օրգանիզմի համար ավելորդ սթրես է:
Հիգիենայի պարագաներ ընտրելիս հարկավոր է հաշվի առնել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները: Օրինակ, յուղոտ մազերը կարող են դառնալ չոր և կոտրվող: Արդյունքում սովորական շամպունը կամ այլ պարագաները այլևս կիրառելի չեն:
Որոշ շամպունների բաղադրության մեջ մտնում է մեթիլիզոտիազոլինոն: Այս նյութն արգելվում է օգտագործել հղիության ժամանակ, քանի որ դրա նույնիսկ աննշան ներթափանցումը մոր արյան մեջ կարող է առաջացնել պտղի նյարդային բջիջների անդառնալի փոփոխություններ:
Հակաբակտերիալ միջոցների օգտագործումը հղիության ընթացքում խստիվ արգելվում է:
Կանայք վախենում են նաև եղունգի լաքի և մազի ներկերի հնարավոր ազդեցությունից: Դրանք այդքան էլ ագրեսիվ չեն, իսկ հղիների հմաար կա բավականին մեծ ընտրություն: Այնուամենայնիվ, հարկավոր չէ անել կտրուկ փոփոխություններ. օրինակ, շիկահերից դանալ թխահեր կամ հակառակը:
Եթե կան կասկածներ որևէ կոսմետիկ միջոց օգտագործելու հետ կապված, ապա անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ: