Արթուր Աբրահամն անկեղծանում է. Հրաշալի տարի էր՝ հայր դարձա, ինչը աննկարագրելի երջանիկ զգացողություն է


Արթուր Աբրահամն անկեղծանում է. Հրաշալի տարի էր՝ հայր դարձա, ինչը աննկարագրելի երջանիկ զգացողություն է
Դեկտեմբեր 31 21:59 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Armday.am-ի հետ զրույցում ամփոփել է 2016թ.-ը և պատմել, թե ինչ է փոխվել իր կյանքում որդու ծնունդից հետո:

-Արթո՛ւր ինչպե՞ս եք նախընտրում նշել Ամանորը, այս տարի ինչպե՞ս եք պատրաստվում տոնին:

-Սովորաբար տարբեր կերպ եմ նշել` պատահել է, որ պարապմունքների եմ եղել, պատահել է` Հայաստանում, պատահել է` Գերմանիայում կամ ուրիշ երկրում: Այս տարին շատ տարբերվող է, կլինեմ ընտանիքիս հետ՝ Բեռլինում: Ամանորի գիշերը ընտանիքով, բարեկամներով, ընկերներով կլինենք մի գեղեցիկ ռեստորանում, Ձմեռ պապին կգա, երեխաներին նվերներ կբաժանի:

-Ինչպիսի՞ տարի էր Ձեզ համար 2016-ը և ի՞նչ սպասելիքներ ունեք 2017-ից:

-Հրաշալի տարի էր, այս տարի հայր դարձա, ինչը աննկարագրելի երջանիկ զգացողություն է: 2017-ից ակնկալում եմ խաղաղություն և հաջողություններ:

-Ձեր առաջնեկի ծնունդով, վստահաբար, Ձեր կյանքը հիմա ամբողջովին փոխվել է ի՞նչն եք սկսել ավելի շատ կարևորել փոքրիկի ծնունդով:

-Այո՛, որդուս` Գրիգորի ծնվելուց հետո կյանքս ամբողջովին փոխվել է: Հիմա ավելի շատ եմ գնահատում տունը, ընտանիքը: 

-Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար առհասարակ Ամանորը՝ արդեն որպես հայրիկ, ի՞նչ նվերներ եք պատրաստել Ձեր փոքրիկի համար:

-Ամանորն ինձ մոտ հաճելի հիշողություններ է արթնացնում: Իմ բալիկը դեռ շատ փոքրիկ է, նրան դեռ ուրախացնում են վառ գույներն ու լույսերը:

-Կա՞ արդեն մի երազանք, որ կապում եք Ձեր որդու հետ, կցանկանա՞ք, որ նա շարունակի Ձեր ուղին:

- Երազում եմ, որ որդիս և աշխարհի բոլոր բալիկները լինեն առողջ և անհոգ մանկություն ունենան: Բարդ մարզաձև է բռնցքամարտը, ամեն դեպքում, եթե որդիս ինքը ցանկանա զբաղվել բոքսով, չեմ արգելի:

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողներին և հայ ժողովրդին առհասարակ:

-Ձեր ընթերցողներին և հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն: Թող 2017 թվականը լինի մեծ ձեռքբերումների տարի:

Կարինա Սահակյան



loading...