Գողական հասկացողությունների բացատրությունը


Գողական հասկացողությունների բացատրությունը
Փետրվար 27 09:27 2017

Քրեական աշխարհում բանտարկյալները միմյանց հետ շփվում են հատուկ լեզվով և հասկացողություններով, որոնք շատ հաճախ հասկանալի են միայն նրանց համար և խորթ են շարքային քաղաքացու ականջին: Գողական հասկացողությունները՝ այն չգրված «օրենքներն» են, որով միմյանց հետ հարաբերվում են այդ աշխարհի ներկայացուցիչները և որոնց հետևելը նրանցից յուրաքանչյուրի համար պարտադիր պայման է:

 

«Ксива»-գողական ժարգոնով նամակ, հաղորդագրություն է, որով ինչ-որ կարևոր տեղեկություն է փոխանցվում կալանավայր, բանտի ներսում՝միմյանց հետ հաղորդակցվելու համար, կամ էլ այդ նամակը գալիս է դրսից դեպի կալանավայր՝տեղում գտնվող մարդկանց կարևոր տեղեկություն, քրեական աշխարհում կատարված վերջին իրադարձությունները հաղորդելու համար: Այդ նամակագրությունը կապում է տարբեր երկրների կալանավայրերը միմյանց հետ, ինչպես նաև փոխանցում ինչ-որ կոնկրետ հանձնարարականներ՝ «օրենքով գողերի» կողմից շարքային բանտարկյալներին:

 

«Положенец»-քրեական հեղինակություն, ով որոշակի դեպքում կատարում է «օրենքով գողին» հատուկ գործառույթներ և հանդես գալիս նրա անունից: Իրավունք ունի լուծել բանտի, կալանավայրի ներսում եղած հակամարտությունները, վեճերը՝գողի բացակայության պայմաններում: Տվյալ անձը նշանակվում է «օրենքով գողի» կողմից նաև քաղաքներ, շրջաններ վերահսկելու համար: «Положенец»-ն էլ իր հերթին «նայողներ» է նշանակում ավելի փոքր շրջաններում, թաղամասերում: Շատ հաճախ քրեական աշխարհում այդպիսի մարդիկ հետագայում «օրենքով գող» են թագադրվում:

 

«Общак»-քրեական աշխարհում դա այդ աշխարհի յուրօրինակ դրամարկղն է, բանկը, որտեղ գումարներ են հավաքվում կալանավայրերում և նրանից դուրս գտնվողներին օգնելու, բանտարկյալների ընտանիքների աջակցելու համար: Դա յուրօրինակ փոխօգնության «հիմնադրամ» է, որտեղ գումարներ են փոխանցում ինքնակամ կամ քրեական հեղինակությունների կողմից վերահսկվող բիզնեսներից, գործարարներին ճնշելու հետևանքով: Գոյություն ունի 2 տեսակի «общак»՝կալանավայրի ներսում և կալանավայրից դուրս: Այդ «դրամարկղի» հավաքագրման ավանդույթը գալիս է դեռ 20-րդ դարի սկզբից: «Общак»-ը վերահսկվում է «օրենքով գողերի» կողմից և չի կարող օգտագործվել գողի անձնական նպատակների և հաճույքների համար, հակառակ պարագայում գողը այդ քայլի համար պատժվում է:

 

«Западло»-քրեական աշխարհում գոյություն ունեցող օրենքների, բարքերի խախտումը պատժելի է այդ աշխարհի ներկայացուցիների համար և հենց այդ բառը նշանակում է, որ որևէ գործողության կատարումը, որը այդ օրենքներից դուրս է, քրեական աշխարհի ներկայացուցչի համար «западло»՝ինքնասիրությունից և արժանապատվությունից ցածր է: «Не западло»՝այսինքն բոլոր այն գործողությունները, որոնք նորմալ, ընդունելի կընկալվեն քրեական աշխարհի կողմից և չեն վիրավորի բանտարկյալի արժանապատվությունը: Հաճախ կալանավայրերում քրեական աշխարհի բարձր դասի՝«օրենքով գողերի», հեղինակությունների, «զոն նայողների» համար «западло» է աշխատելը, բանտի աշխատակազմի հետ համագործակցելը, համաներմամբ դուրս գալը, զուգարան մաքրելը և այլ գործողությունները:

 

«Коронация»-քրեական աշխարհում «օրենքով գող»-ի թագադրման, գողի կարգման արարողությունը: Թագադրման իրավունք ունի գողական «սխոդկան»՝ հավաքը 2 քրեական հեղինակությունների միջնորդությամբ, ովքեր միջնորդում են կոնկրետ թեկնածուի համար: «Օրենքով գող» չեն կարող թագադրվել այն մարդիկ, ովքեր չեն հետևել քրեական աշխարհի օրենքներին, այդ թվում ունեն վատ համբավ, համագործակցել են իշխանությունների հետ՝անցել են պարտադիր զինծառայություն, ունեն չմարված թղթախաղի պարտք, ներել են իրենց հասցեին ուղղված վիրավորանքը: «Коронация»-ն տեղի է ունենում կալանավայրում կամ նրա պատերից դուրս: Կալանավայրի տարածքում իրականացված թագադրումը համարվում է ավելի պրեստիժ: Թագադրումից հետո «օրենքով գողի» մարմնի վրա տարբեր դաջվածքներ են անում՝ հիմնականում ութանկյուն աստղեր ուսերին՝«восьмиконечник», ինչպես նաև դաշույնով խոցված սիրտ՝«смерть за измену»: