Սահմանվել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման անցողիկ շեմը


Սահմանվել է մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման անցողիկ շեմը
Փետրվար 27 20:35 2017

Ծննդօգնության ծառայության բարելավման, ինչպես նաև մայրական մահացության ցուցանիշի կրճատման նպատակով, ի թիվս իրականացվող բազմաթիվ աշխատանքների հանրապետության ստացիոնար բուժհաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքները գնահատելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբա րձ-գինեկոլոգի ղեկավարությամբ, որում ընդգրկվել են նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության, ինչպես նաև հանրապետության առաջատար մասնագետներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, բժշկական հաստատությունների հետ կնքված պետական պատվերի պայմանագրերում ներառված կետերի համաձայն բժշկական հաստատության տնօրինությունը պարտավոր է կազմակերպչական աշխատանքներ իրականացնել բուժաշխատողների գիտելիքների ու գործնական հմտությունների գնահատման համար։ Իսկ նախարարությունն իրավասու է իրականացնելու գիտելիքների ստուգման գործընթաց և գիտելիքների գնահատման արդյունքների հիման վրա տնօրինությանը ներկայացնել հանձնարարականներ։

Թափանցիկության ապահովման և սուբյեկտիվիզմից զերծ մնալու նպատակով նախարար Լևոն Ալթունյանի հանձնարարությամբ թեստավորումը կանցկացվի էլեկտրոնային եղանակով։ Արդեն կազմվել են գիտելիքների գնահատման 200 թեստով էլեկտրոնային բազա և համակարգչային ծրագիր: Թեստավորվող 471 մանկաբարձ-գինեկոլոգները (որից 213-ը` մարզերից) գրավոր պետք է պատասխանեն ծրագրի պատահական ընտրությամբ հանված 40 հարցի։

Հինգ անդամից կազմված հանձնաժողովը Վերատադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում առանձնացված և տեխնիկապես հագեցված սենյակում օրական կթեստավորի 10 մանկաբարձ-գինեկոլոգի: Թեստավորվողը հարցերի պատասխանները կլրացնի գնահատման թերթիկում, որը կվավերացվի իր և հանձնաժողովի անդամների ստորագրություններով: Այնուհետև թեստավորվողի պատասխանները կհամեմատվեն ճիշտ պատասխանների հետ և կտրվի գնահատական: Ողջ գործընթացը կտեսանկարահանվի։

Անցողիկ շեմը 40 հարցից 36 ճիշտ պատախանն է կամ 90%-ի ճշգրտությունը: Շեմը չհաղթահարած մանկաբարձ-գինեկոլոգներին կրկնակի թեստավորման համար կտրվի 3 ամիս ժամանակ։