ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Հաց բերողին», ինչպես նաև ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց


ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Հաց բերողին», ինչպես նաև ՊՊԾ գնդում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց
Փետրվար 27 17:39 2017

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող՝ Ոստիկանության պարեկապահակակետային ծառայության գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց, ինչպես նաև հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանի իրավունքների ապահովման և բժշկական օգնության տրամադրման հարցերի մշտադիտարկումը շարունակվում է:

Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգւմների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն, այդ թվում՝ բժիշկն այսօր՝ փետրվարի 27-ին, այցելել են Արամ Մանուկյանին, Պավել Մանուկյանին, Թաթուլ Թամրազյանին և Արմեն Լամբարյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ և միջոցներ են ձեռնարկվել բարձրացված հարցերը լուծելու ուղղությամբ:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Սարգսյանի հետ, ուսումնասիրել նրա առողջական վիճակը, համապատասխան բժշկական փաստաթղթերն ու պահման պայմանները:

Արձանագրվել է, որ Ա. Սարգսյանը շարունակում է հրաժարվել բուժօգնությունից:

Տեղեկացվում է, որ նախորդ այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը արդեն իսկ համապատասխան գրություններ է ուղարկել իրավասու մարմիններին:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսին Երևանում ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին Արթուր Սարգսյանն («Հաց բերող») իր բեռնատարով սնունդ էր հասցրել, հետագայում՝ ձերբակալվել։