«Պետք է վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը»


«Պետք է վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը»
Փետրվար 26 14:50 2017

«Դուք հաշտվեցաք թուրքերու հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու, ես թուրքի հետ չեմ կրնալ հաշտվիլ մինչև իմ մահը: Բայց ես ձեզ գուշակություն մը կուզեմ ընել և կուզեմ, որ լսեք: Եթե այս հեղափոխական կարծված թուրքերը օր մը ձեզ չի կախեցին, ես մարդ չեմ: Օր պիտի գա, որ այս հեղափոխականներն ալ պիտի դառնան Սուլթան Համիտի պես գազան մը և բոլորիդ ալ պիտի հոշոտեն»:

Զորավար Անդրանիկ

Հայկական պետականության վերականգնման հարցը, լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այսօր` 21-րդ դարում, մարած հրաբուխի վիճակից անցում է կատարել ժայթքումի: Մենք` հայերս, բախվում ենք նույն խնդիրներին, մեր առջև առկա են նույն մարտահրավերները, որպիսիք էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին:

Ցավալի է, որ 21-րդ դարի հայ քաղաքական միտքը և իրենց քաղաքական գործիչներ համարող այն անձինք, ովքեր ներկայացրել են կամ ներկայացնում են Հայկական պետականությունը, դեռ պատրաստ են 21-րդ դարի թուրքի հետ, ով մնացել և գործում է նույն ցեղասպան մակարդակի վրա, գնալ հաշտության և զիջումների: Թուրքերի հետ խնդիրը կարգավորելու հարցում մտածել, թե` «կարգավորման արդյունքում չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, կամ միակողմանի զիջումներ, նման լուծման արդյունքում երկարատև խաղաղություն մենք չենք կարող հաստատել ժողովուրդների միջև… վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը» և այս եզրույթների հրապարակային քարոզչությունը նույն պարտվողական, դավաճանական քաղաքականության շարունակումն է:

Եթե «վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը», ապա այդ ինչպե՞ս պատահեց, որ երբ թուրքը զավթեց երկու բարձունք, շուրջ 800 հեկտար, և Ստեփանակերտն արդեն անցել էր ազատագրման գործողության` Երևանը խոչընդոտեց: Այդ ինչպե՞ս պետք է իր վերջնական խոսքն ասի Ստեփանակերտը, երբ Երևանը հանդես է գալիս դավաճանությամբ` Մոսկվայում պայմանավորվում դադարեցնել ազատագրումը: Հերի՛ք ու բա՛վ է` հանդես գալ խարդախ, մանիպուլյատիվ հայտարարություններով: Այսօր անժխտելի իրողություն է, որ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները մեկ ռազմաքաղաքական միավոր են, և չի կարելի Հայրենիքը պաշտպանելու պարտականությունը թողնել խոցելի Արցախի իշխանությունների վրա` դրանով իսկ խուսափելով պատասխանատվությունից:

Բոլոր այն անձինք, ովքեր հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ և հայտարարում են կամ կհայտարարեն, թե իրենք կարող են կարգավորել Արևելյան հարցի բաղկացուցիչ մասը կազմող թուրք-ադրբեջանական ագրեսիան` տալ լուծում, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ, և չեն լինի միակողմանի զիջումներ, ուղղակի կրկնում են 1994 թվականի դավաճանությունը, երբ Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելու փաստաթղթի կնքման փոխարեն ստորագրվեց զինադադարի մասին փաստաթուղթը:

Երկարատև խաղաղություն ունենալու համար` ոչ թե պետք է գնալ զիջումների, փոխզիջումների, այլ պետք է, նախևառաջ, վերականգնել 1994 թվականի զինադադարով հաստատված սահմանային դիրքերը, և ապա առաջ գնալ` ազատագրելով Դաշտային Արցախը և Ուտիքը, վերականգնելով պատմական հայկական Արցախի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) և Ուտիքի (շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր) նահանգների տարածքային ամբողջականությունը:

Հայկական այդ նահանգների ազատագրումը ամուր երաշխիք կդառնա երկարատև խաղաղության և Արևելյան հարցի ապագա ամբողջական ու հայանպաստ լուծման համար:

 

Զարուհի Փոստանջյան

 

26.02.2017թ.