Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հունաստանից ապաստան խնդրած թուրք զինվորականների մասին


Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Հունաստանից ապաստան խնդրած թուրք զինվորականների մասին
Փետրվար 26 12:16 2017

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հունաստան փախած երկու թուրք զինծառայողների դեպքին, քննադատել է Հունաստանի իշխանություններին, ասելով, թե Հունաստանը լավ հարևանի և բարեկամի պես չի պահում իրեն Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ևս երկու թուրք զինծառայող, անցնելով Հունաստան, քաղաքական ապաստան է խնդրել այդ երկրի իշխանություններից:

«Հունաստանը խոչընդոտում է այս ապստամբ զինծառայողների՝ թուրքական դատարանի առաջ կանգնելուն: Այս պահվածքը չի տեղավորվում իրավական նորմերին և հարիր չէ դրացիական ու բարեկամական հարաբերություններին», - ասել է Չավուշօղլուն:
Նշենք, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայի շուրջ 100 քաղաքացի, հատելով Հունաստանի սահմանը, ապաստան է խնդրել այդ երկրից:

2016թ.-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:



loading...