Ինձ առաջարկվել են բազմաթիվ պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ. Օհանյան


Ինձ առաջարկվել են բազմաթիվ պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ. Օհանյան
Փետրվար 25 16:11 2017

Մենք ապրում ենք շատ բարդ աշխարհաքաղաքական զարգացումների փուլում, և հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերների խորությունը՝ ինձ համար հարցերի հարցը Արցախի անվտանգությունն է: Այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի համաժողովին հայտարարել է նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը։

Օհանյանը քաղաքական ուժերին կոչ է արել նախընտրական շրջանում քննարկումները տանել անվտանգության տեսանկյունից, հասարակությանը չմղել պոպուլիզի և անհիմն խոստումների թակարդը։

Նա նաև հայտարարել է, թե բաց ու առանց երկմտելու պատասխանելու է իրեն ուղղված բոլոր հարցերին։

«Ինչո՞ւ անկուսակցական պաշտպանության նախարարը մտավ քաղաքականություն, պատասխանը հստակ է՝ իմ որոշման հիմքում այն խորը համոզմունքն է, որ այսօրվա գործող համակարգով, խաղի կանոններով, հասարակական-բարոյական մթնոլորտով Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառվել են։ Սա շրջադարձային պահ է բոլորիս համար, բոլորս պետք է գիտակցենք իրավիճակի լրջությունը և համատեղ ջանքերով փոխենք առկա համակարգը՝ ապահովելով մեր անվտանգությունն ու զարգացումը կամ կկանգնենք իրական աղետների առաջ», - հայտարարելէ Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ անձամբ պաշտոնակռիվ երբեք չի արել. «Չեմ թաքցնում՝ ինձ առաջարկվել են բազմաթիվ տարբեր պաշտոններ, որոնցից ես հրաժարվել եմ։ Իմ կյանքի ամենաբարձր և պատվաբեր պաշտոնը դեռևս 25 տարի առաջ առաջին գծի խրամատում մարտնչելն էր զինվորի ու հասարակ ժողովրդի կողքին»: