Որպես անհատ՝ բազմաթիվ թերություններ ունեմ, բայց երկու հարցում ինձ անթերի եմ համարում. Օսկանյան


 Որպես անհատ՝ բազմաթիվ թերություններ ունեմ, բայց երկու հարցում ինձ անթերի եմ համարում. Օսկանյան
Փետրվար 25 16:00 2017

Եթե ազգովի թույլ տանք, որ անդունդի եզրին հայտնված իշխանությունը վերարտադրվի, հավատացեք, որ հաջորդ տասնամյակներում մեզ լավ բան չի սպասվելու: Այս մասին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի համաժողովին հայտարարել է «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը։

«Իշխանափոխության հրամայականն այսօր Հայաստանում օդում է», - նշել նա:

Օսկանյանն ասել է, որ երկու տասնամյակ եղել է իշխանության մեջ:

«Որպես անհատ, իհարկե, բազմաթիվ թերություններ ունեմ, բայց երկու հարցում ես ինձ անթերի եմ համարում՝ նվիրում հայրենիքին և ազնիվ աշխատանք պետական համակարգում», - ընդգծել է Օսկանյանը:

Ըստ նրա՝ այդ երկու տասնամյակում, երբ աշխատել է երկու նախագահների հետ, երբեք չի ծառայել մարդուն, այլ ծառայել է երկրին, ժողորդին, հայրենիքին. «Այդ երկու տասնամյակի ընթացքում չի եղել մի դեպք, որ ես ինչ-որ մեկից մի բան խնդրեմ կամ իմ պաշտոնն ու պետության ընձեռած հնարավորությունները չարաշահեմ։ Երբ ավարտել եմ իմ պաշտոնավարությունը, հակառակ նրան, որ ինձ առաջարկվել է բարձրագույն պաշտոններ, ես նախընտրել եմ դուրս մնալ իշխանությունից, որպեսզի կարողանամ իմ ներդրումը բերել Հայաստանում քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի և ընդդիմության ձևավորմանը»:

Նա հայտարարել է նաև, թե միշտ ապացուցել է, որ իր համար պաշտոնը և փողն արժեք չեն։