Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը. կասկածյալը դպրոցի նախկին սան է


Բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից կատարված գողությունը. կասկածյալը դպրոցի նախկին սան է
Փետրվար 25 15:12 2017

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցից ջեռուցման համակարգի մարտկոցների գողությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 23-ին, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է գիշերօթիկ թիվ 17 հատուկ դպրոցի պատուհանը և գաղտնի հափշտակել ընդհանուր 23 հատ ջեռուցման համակարգի մարտկոց՝ դպրոցին պատճառելով 920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիետի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում փետրվարի 24-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով և իրականացվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով ձերբակալվել է և օրենքով սահմանված կարգով հարցաքննվել։

Կասկածյալը դպրոցի նախկին սան է և հարցաքննության ժամանակ նկարագրել է դեպքի հանգամանքները եւ հայտնել, որ գողոնը վաճառել է 5000 դրամով։ Գնորդը հայտնաբերվել է և հարցաքննվել։

Նախաքննությունը շարունակվում է: