Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող


Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող
Փետրվար 25 13:57 2017

ԱԺ ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցողների ցուցակում կա 877 ընտրող: Այս մասին ԿԸՀ նիստում հայտարարել է Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ընդունվել է ԱԺ ընտրություններին դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամների էլեկտրոնային քվեարկության կարգը:

«Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կարող են մասնակցել դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների եւ նրանց՝ ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամները: Միաժամանակ, քվեարկությանը կարող են մասնակցել օտարերկրյա պետություններում երկարատեւ գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները, նրանց ընտանիքի անդամները, որոնք ունեն ընտրելու իրավունք»,-նշել է ԿԸՀ նախագահը՝ հավելելով, որ այդ ցուցակները պետք է ներկայացներին ԱԳՆ-ն ևՊՆ-ն:

Ըստ այդմ, ԱԳՆ-ի ներկայացրած ցուցակում ներկայացված են 268 ընտրող, իսկ ՊՆ-ի ներկայացրած ցուցակում՝ 609 ընտրող. նրանց ցանկը հրապարակված է ԿԸՀ կայքում:

«Այդ ընտրողներին կառաքվեն ծրարներ, որտեղ տեղադրված է քվեարկության կարգի ուղեցույց եւ ծածկաշերտ ունեցող թվային կոդ, որը թույլ կտա նրան մուտք գործել համակարգ եւ մասնակցել ընտրություններին»,-ասել է Մուկուչյանը: