ԻՊ-ը պայթյուն է իրականացրել Սիրիայում. կան տասնյակ զոհեր


ԻՊ-ը պայթյուն է իրականացրել Սիրիայում. կան տասնյակ զոհեր
Փետրվար 24 23:44 2017

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ականապատ մեքենա է պայթեցրել սիրիացի ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող գյուղում, որի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, պայթյունը որոտացել է Սիրիայի ազատ բանակի աշխարհազորայինների վերահսկողության տակ գտնվող գյուղում:

Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով` ավելի քան 50 մարդ է զոհվել, որոնց թվում 30-ը անմեղ քաղաքացիներ են: Գործակալության աղբյուրի հաղորդմամբ` պայթյունը տեղի է ունեցել անցակետի մոտակայքում, որտեղ սակայն բազմաթիվ ընտանիքներ են գտնվելիս եղել` սպասելով Էլ Բաբ վերադառնալու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ թուրքական զինուժը հայտարարել է սիրիական Էլ Բաբը ԻՊ-ի գրոհայիններից ամբողջությամբ ազատագրելու մասին: Իսլամիստները քաղաքից սկսել են հեռանալ նախօրեին, սակայն այսօր քաղաքում շարունակվում են ականազերծման աշխատանքները: