Գերմանիայի գաղտնի ծառայությունները հետևել են միջազգային ԶԼՄ-ների խմբագրություններին


Գերմանիայի գաղտնի ծառայությունները հետևել են միջազգային ԶԼՄ-ների խմբագրություններին
Փետրվար 24 21:06 2017

Գերմանիայի հատուկ ծառայությունները երկար տարիներ հետևել են միջազգային ԶԼՄ-ների խմբագրություններին, հայտնում է Spiegel-ը:

Ինչպես գրում է պարբերականը՝ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը (ԴՀԾ) 1999 թվականից հետևել է միջազգային խմբագրությունների նվազագույնը 50 հեռախոսահամարի, ֆաքսերի և էլեկտրոնային փոստերի հասցեների «այսպես կոչված ընտրովի ալիքի օգնությամբ»:

Պարբերականի տվյալներով՝ հսկողություն է իրականացվել Լոնդոնում և Աֆղանստանում BBC հեռուստառադիոընկերության ներկայացուցիչների, BBC-ի միջազգային ծրագրերի խմբագրությունների, Աֆղանստանում New York Times-ի ներկայացուցիչների և Աֆղանստանում, Պակիստանում ու Նիգերիայում Reuters ինֆորմացիոն գործակալության նկատմամբ:

ԴՀԾ-ն զերծ է մնացել մեկնաբանություններից:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը ԴՀԾ-ի գործողությունները գնահատել է որպես «մամուլի ազատության հրեշավոր խախտում» և «Սահմանադրության խախտման նոր չափանիշ»: Ինչպես գրում է պարբերականը՝ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը անհանգստանում է, որ ԴՀԾ-ն կշարունակի հետևելը և այդ պատճառով լրագրողների այլ միությունների հետ սահմանադրական բողոք է պատրաստում 1990 թվականի «ԴՀԾ-ի մասին օրենքի» դեմ: