Ֆրանսիայի խորհրդարանում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել


Ֆրանսիայի խորհրդարանում Արցախին նվիրված գրքի շնորհանդես է տեղի ունեցել
Փետրվար 24 20:24 2017

Ֆրանսիայի խորհրդարանում փետրվարի 22-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի պատմությանը նվիրված «15 հարց, 15 պատասխան, ամեն ինչ իմանալ ԼՂՀ մասին 10 րոպեում» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը։
Գրքի նպատակն է Արցախի մասին ճշգրիտ տեղեկատվություն տարածել ֆրանսախոս հասարակության շրջանում։
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել 29 տարի առաջ Արցախում սկսված ազգային-ազատագրական պայքարի պատմությանը, ինչպես նաև հարգանքի տուրք է մատուցվել ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հայերի ջարդերի զոհերին և 2004 թ․ փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռ. Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանին:
Շնորհանդեսին ներկա գտնվող Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն իր ելույթում ողջունել է Արցախում նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի անցկացումը և հայտարարել շրջանակի անվանափոխման մասին՝ այն վերանվանելով Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Ֆրանսիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ, սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քաղաքապետեր և ԶԼՄ ներկայացուցիչներ։



loading...