Ուզում եմ նրան ևս մեկ անգամ տեսնել․ Պատգամավորի թեկնածուն փնտրում է Ղազանչի գյուղից փրկած աղջկան


Ուզում եմ  նրան ևս մեկ անգամ տեսնել․ Պատգամավորի թեկնածուն փնտրում է Ղազանչի գյուղից փրկած աղջկան
Փետրվար 24 16:49 2017

ԵԿՄ փոխնախագահ, թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Ղուկաս Ուլիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


1992 թվ ցուրտ ձմեռ էր, օրը մառախլապատ, թշնամու դիրքերը չէին երևում, իսկ հարևան Ղազանչի հայկական գյուղն էլ օղակի մեջ էր: Հրաման ստացանք գնալ Ղազանչի և դուրս հանել երեխաներին: Գիշեր էր, մենք դժվարությամբ խարխափելով խավարում, շրջանեցեինք հակառակորդի դիրքերը, մի քանի ժամից մտանք գյուղի մատույցները, և ամեն մեկս մի երեխա գրկած դուրս եկանք: Մի քանի ժամվա ճանապարհ ունեինք անցնելու, չնայած երեխաներին տաք հագուստ էինք հագցրել, բայց վախենում էինք, որ կսառչեն ճանապարհին: Փոքրիկ աղջիկը գրկիս մեջ կծկված, ձայն չէր հանում: Ես անհանգստացած հարցրի. «Ո՞նց ես»: Ձայն չկա: «Չլինի մի բա՞ն է պատահել երեխային»,— մտածեցի և փաթաթած շորը զգույշ ետ քաշեցի դեմքից, նա իր սևուկ, կրակոտ աչքերով ինձ էր նայում: «Երևի երեխան հարցս չհասկացավ»,— մտածեցի: Այս անգամ հարցրի ղարաբաղի բարբառով. «Հո՞ւնց ուս»: «Լյավ ըմ»,— պատասխանեց նա:
Հ․Գ
Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչպես է դասավորվել այդ փոքրիկի հետագա ճակատագիրը: Մեծ ցանկություն ունեմ նրան ևս մեկ անգամ տեսնելու: Սիրելի ընկերներ, խնդրում եմ հնարավորինս տարածել այս գրառումը՝ այդ կերպ կօգնեք գտնել նրան: Իսկ եթե նա կարդում է այս տողերը, ապա խնդրում եմ կապ հաստատել ինձ հետ՝ անձնական նամակով: