Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև կեսգիշեր


Պոլսո պատրիարքական աթոռի շուրջ քննարկումները Մայր Աթոռում տևել են մինչև կեսգիշեր
Փետրվար 24 16:37 2017

Պոլսահայ համայնքի ու ազգային-եկեղեցական շրջանակների ուշադրությունն արդեն երկու օր է` սևեռված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում շարունակվող քննարկումների վրա, որոնք ընթանում են Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, Պոլսո պատրիարքարանի կրոնական ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկո պոս Բեքչյանի միջև:

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը նոր մանրամասներ է հաղորդում ընթացող քննարկումներից, որոնք բովանդակության մասին տեղեկությունները չափազանց սակավ են: Փետրվարի 23-ին առանձնազրույց են ունեցել Վեհափառ Հայրապետն ու Աթեշյանը: Ավելի վաղ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպումներ էր ունեցել նաև մյուս սրբազանների հետ:

«Մայր Տաճարի Սրբոց Վարդանանց տոնակատարություններից հետո մայրավանքի համալիրի Հին վեհարանի տանիքի տակ Վեհափառ Հայրապետն ու երեք սրբազանները ձեռնարկել են քննարկումներ: Նորին Սրբությունը չի մասնակցել իր անվանակոչության տոնի առթիվ մայրավանքի միաբանական սեղանատան ճաշին: Շուրջ երեք ու կես ժամ են ընթացել առաջին փուլի քննարկումները»,- հայտնում է օրաթերթը:

Հետմիջօրեին Վեհափառ Հայրապետը Գևորգյան ճեմարանում նախագահել է Սրբոց Վարդանանց տոնին կազմակերպված միջոցառմանը, որին ներկա են եղել նաև երեք սրբազանները: Ավելի ուշ նրանք վերադարձել են քննարկումների: «Օրվա ծանր աշխատանքն ավարտին է հասել գրեթե կեսգիշերին»,- գրում է «Ժամանակ»-ը` հայտնելով, որ փետրվարի 24-ի առավոտյան ժամերին կողմերի միջև քննարկումները շարունակվել են:

Օրաթերթի տվյալներով` սպասվում է, որ Մայր Աթոռը քննարկումների արդյունքներով փետրվարի 24-ին պաշտոնական հայտարարություն կհրապարակի:



loading...