Հայաստանի ու Եվրամիության միջեւ նոր համաձայնագիրը կարող է ստորագրվել մոտ ժամանակներս, Բեռլինում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Կարծում եմ՝ մոտ ժամանակներս այն կստորագրվի», - ասել է նա:
«Հայաստանի դիրքորոշումը միշտ էլ այն է եղել, որ մենք պետք է աշխատենք ինչպես ԵՄ-ի, այնպես Էլ Եվրասիական տնտեսական միության համար: Մենք չպետք է հակադրենք այս երկու վեկտորները», - նշել է Տիգրան Սարգսյանը:
Տ. Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ու ԵՄ-ն հարկադրված էին նոր համաձայնագրի շուրջ վերստին սկսել աշխատանքը, քանի որ նախորդ տարբերակն արգելափակվել էր Բրյուսելի կողմից:
«Ցավոք, բանակցությունների վերջին փուլում եվրոպացի գործընկերների դիրքորոշումն ավելի կոշտ դարձավ, ուստի, մենք վերագործարկեցինք գործընթացը», - ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։