Ռուս պատգամավորն իր փոխարեն իր ստվարաթղթե պատկերն է ուղարկել խորհրդարան


Ռուս պատգամավորն իր փոխարեն իր ստվարաթղթե պատկերն է ուղարկել խորհրդարան
Փետրվար 23 21:57 2017

Ռուս պատգամավոր Վլադիմիր Պետրովը չի ներկայացել շրջանային խորհրդարանի նիստին` օգնականին խնդրելով իր տեսքով ստվարաթղթե պատկեր տանել իր փոխարեն:

Ինչպես ընդգծում է The Independent-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցը, այսպես պատգամավորը ցանկացել է իր գործընկերների ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ շատերը ներկա չեն գտնվում խորհրդարանակա նիստերին: Միջադեպը տեղի է ունեցել Լենինգրադի մարզի խորհրդարանում:

Այս քայլը բարկության ալիք է բարձրացրել մյուս պատգամավորների շրջանում: Նրանցից ոմանք պահանջել են անգամ կալանավորել Պետրովի օգնականին:

Համենայն դեպս, այս քայլը նաև զվարճացրել է պատգամավորներից ոմանց: Լենինգրադի փոխնահանգապետն անգամ լուսանկարվել է ստվարաթղթե կերպարի հետ` ասելով. «Սա իմ Պետրովն է»:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Պետրովը նիստին չի կարողացել ներկա գտնվել ոտքի կոտրվածքի պատճառով: