Խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների մասին հայտարարություններ են արել


Խորհրդարանականները հանրաքվեի արդյունքների մասին հայտարարություններ են արել
Փետրվար 23 21:13 2017

Ազգային ժողովի՝ այսօր՝ փետրվարի 23-ին, գումարած լիագումար նիստում պատգամավորներ Ռոմելա Դադայանը, Վարդգես Բաղրյանը, Հայկ Խանումյանը և Արսեն Առստամյանը փետրվարի 20-ին անցկացված հանրաքվեի արդյունքների կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Հայրենիք» խմբակցության քարտուղար Ռոմելա Դադայանն ասել է, որ անկախ քաղաքական հայացքներից և դիրքորոշումներից՝ պետք է գիտակցել, որ Սահմանադրությունը բոլորի համար է, և ժողովրդի կամքով ընդունված փաստաթուղթը պարտադիր է յուրաքանչյուրի համար:

««Հայրենիք» խմբակցությունը, ողջունելով Սահմանադրության նախագծի համաժողովրդական հանրաքվեում ժողովրդի ազատ կամարտահայտությունը և ակտիվ մասնակցությունը, արձանագրում է, որ Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը այլևս իրողություն է»,- նշել է Ռ. Դադայանը:

Անդրադառնալով հանրաքվեի անցկացման ընթացքին և դրա վերաբերյալ արձագանքներին՝ խմբակցության քարտուղարն ասել է, որ քարոզարշավն ընթացել է քաղաքակիրթ և հանգիստ պայմաններում, որոնց շնորհիվ բոլորը հնարավորություն են ունեցել ներկայացնել իրենց տեսակետները:

«Հանրաքվեն կազմակերպվել էր բարձր մակարդակով, ինչը հաստատել են նաև միջազգային դիտորդները: Այս հանրաքվեն, իր կազմակերպվածությամբ ու ժողովրդավարությամբ, մեկ քայլ առաջ էր նախորդ հանրաքվեից և ընտրություններից, և այդ հանգամանքը վստահություն է ներշնչում արդյունքների հանդեպ»,- ասել է Ռ. Դադայանը և հավելել, որ պետք է նաև հետևություններ կատարել և ապագայում շտկել տեղ գտած թերացումներն ու բացթողումները:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը նշել է, որ փետրվարի 20-ին ընտրողների ճնշող մեծամասնությունը «Կողմ» քվեարկելով ԱՀ նոր Սահմանադրությանը հավաստել է իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, պատրաստակամությունը պաշտպանելու հայրենիքը և էլ ավելի հզորացնելու այն:

«Մեր խմբակցությունն իր գոհունակությունն է հայտնում ժողովրդին՝ հանրաքվեին ակտիվ մասնակցության և ճիշտ ընտրություն կատարելու կապակցությամբ: Մենք հարգում ենք նաև նրանց տեսակետը, ովքեր այնուամենայնիվ »Դեմ» են քվեարկել ներկայացված նախագծին:

Հանրաքվեն ազատ և թափանցիկ են գնահատել աշխարհի տարբեր երկրներից ժամանած բազմաթիվ դիտորդներ ու զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ նշելով բարձր կազմակերպվածությունը, ակտիվ մասնակցությունը և արցախցիների վճռականությունը՝ կառուցել ազատ ու անկախ, ժողովրդավար երկիր»,- ասել է Վ. Բաղրյանը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանն էլ իր ելույթում շնորհակալություն է հայտնել «Դեմ» քվեարկած բոլոր ընտրողներին, ովքեր իրենց համոզմուքների հիման վրա են մասնակցել հանրաքվեին:

«Պետք է արձանագրենք, որ «Դեմ» կողմը պարտվել է և Արցախում նոր Սահմանադրություն է գործելու: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը շրջաններում չուներ տեղամասային հանձնաժողովի անդամներ և խախտումների մասին գրավոր դիմումներ մենք չենք ստացել: Այնուամենայնիվ քվեարկությունից հետո մենք ստացել ենք բազմաթիվ ահազանգեր՝ համաձայն որոնց տեղի են ունեցել բաց քվեարկության զանգվածային դեպքեր՝ Շուշիի, Հադրութի, Շահումյանի, Քաշաթաղի և Մարտակերտի շրջաններում: Վերոնշյալ շրջանների տարբեր բնակավայրերում ցույց է տրվել մասնակցության արհեստական բարձր ցուցանիշ, որոշ բնակավայրում անվավեր քվեաթերթիկները «Կողմ» են հաշվել»,- ասել է Հ. Խանումյանը և հավելել, որ կուսակցությունը չի բողոքարկելու հանրաքվեի արդյունքները, սակայն հաշվի առնելով վերոնշյալը հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչը չի ստորագրելու համապատասխան արձանագրությունները:

Իսկ ԱԺ անկախ պատգամավոր Արսեն Առստամյանն էլ ասել է, որ փետրվարի 20-ը՝ Արցախի վերածննդի օրը, այսուհետ Արցախի նորագույն պատմության մեջ խորհրդանշելու է նաև նոր շրջափուլի սկիզբ:

«ԼՂԻՄ-ի պատմական նստաշրջանից ուղիղ 29 տարի անց Արցախի հանրապետության 79 հազար 428 քաղաքացիներ՝ մասնակցելով հանրաքվեին, գործնականում վերահաստատել են նաև պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումն առ այն, որ վերադարձ անցյալին չի կարող լինել, ո´չ տարածքների, ո´չ էլ կարգավիճակի մասով: Փետրվարի 20-ին մենք ի լուր աշխարհի այս ձևաչափով 3-րդ անգամ հայտարարեցինք, որ չենք շեղվել ժողովրդավարական արժեքներով երկիր կառուցելու և այն էլ ավելի շեն ու բարգավաճ դարձնելու մեր ճանապարհից»,- ասել է Ա. Առստամյանը:



loading...