ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ են. ԱԳ նախարարը հարցը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ


ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ են. ԱԳ նախարարը հարցը քննարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի հետ
Փետրվար 23 19:50 2017

Փետրվարի 23-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Գյունտեր Բեխլերին:

Ինչպես տեղելացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նախարար Նալբանդյանն ու դեսպան Բեխլերն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահի՝ տարածաշրջան կատարելիք այցին։

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածությանն առնչվող հարցեր՝ կարևորելով տարածաշրջանում միակ՝ Երևանում գրասենյակի գործունեությունը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեմ ուղղված քայլերը ԵԱՀԿ դեմ ուղղված քայլեր են:

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանը և Գյունտեր Բեխլերն անդրադարձել են ղարաբաղյան կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման համար Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերին: