Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին


Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Փետրվար 23 19:01 2017

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում հերթական լրագրողի՝ մարզային կայքի խմբագիր Էլչին Իսմաիլիի ձերբակալության մասին տեղեկության առնչությամբ, գրում է contact.az-ը: Նրա անունն ավելացել է լրագրողների երկար շարքին, ովքեր կեղծ մեղադրանքներով ձերբակալվել են Ադրբեջանում:

Այսօրվա դրությամբ այդ երկրում առնվազն 12 լրագրող, բլոգեր և ԶԼՄ-ների աշխատակից ճաղերի հետևում է:

Փետրվարի 17-ին ձերբակալվելու հետո խմբագիրը կալանավորվել է մինչդատական կարգով 24 օրվա ժամկետով՝ «ծանրացուցիչ հանգամանքներում դրամաշորթության մեջ» մեղադրանքով:

Դատախազությունը նրան մեղադրել է տեղի պաշտոնյաներից մեկին շանտաժի ենթարկելու մեջ: Իսմաիլին պնդում է, որ մեղադրանքները կեղծվել են՝ ստիպելու համար նրան դադարեցնել տեղի իշխանությունների քննադատությունը:

Իսմաիլին կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մասին գրող kend.info կայքի հիմնադիրն է և խմբագիրը: Նա բազմիցս ենթարկվել է տեղի իշխանությունների կողմից հետապնդումների, այդ թվում ֆիզիկական բռնության, ձերբակալությունների և զրպարտության մեջ մեղադրանքների:

«Բաքվի միջազգային գործընկերները չպեք է հանգիստ հետևեն, երբ լրագրողներին բանտ են նստեցնում Ադրբեջանում»,- ասված է կազմակերպության հայտարարությունում: