ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով. ոստիկանության պարզաբանումը


ՀՀ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով. ոստիկանության պարզաբանումը
Փետրվար 23 15:59 2017

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել լրատվմիջոցներով շրջանառված տեղեկատվությանը, ըստ որի Հայաստանում այս պահին կա 2 մլն 564 հազար 334 ընտրող այն դեպքում, երբ ԱՎԾ-ի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում մշտական բնակիչների թիվը կազմում է 2 մլն 993 հազար 900 մարդ, այսինքն մինչև 18 տարեկանները կազմում են բնակչության մոտ 14 տոկոսը, իսկ դա շատ փոքր թիվ է:

Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. «ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ՀՀ ընտրողների ռեգիստրը ձեւավորվում է բացառապես օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:

Ինչ վերաբերում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մշտական բնակչության թվաքանակին, ապա այն չի ներառում մեկ տարուց ավելի բացակայողների տվյալները: Եթե վիճակագրական ցուցանիշներում ներառվեն նաեւ այն անձանց տվյալները, ովքեր մեկ տարուց ավելի ժամկետով բացակայում են իրենց բնակության վայրերից, կունենանք անհամեմատ ավելի մեծ ցուցանիշ:

ՀՀ ոստիկանությունը որպես բնակչության պետական ռեգիստրը եւ ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմին՝ իրավասու չէ սեփական նախաձեռնությամբ օտարերկրյա պետությունում գտնվող եւ տվյալ համայնքում հաշվառում ունեցող անձին հանելու ընտրողների ցուցակներից:

Բնակչության պետական ռեգիստրի գործունեությունը կանոնակարգող օրենսդրությամբ հստակ սահմանված է բնակության վայրը փոխելու դեպքում հասցեափոխության ընթացակարգը, համաձայն որի՝ օտարերկրյա պետությունում մշտական բնակության մեկնող քաղաքացին իր նոր բնակության վայրի հասցեն պետք է տրամադրի հյուպատոսական ծառայությանը:

Վերջինս տվյալները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկում է ՀՀ ոստիկանություն՝ հասցեափոխություն կատարելու համար, անձին հաշվառելով իր նշած՝ օտարերկրյա պետության բնակության վայրի հասցեով»: