Ալիևին նախագահի պաշտոնում կարող է փոխարինել հենց Ալիևան


Ալիևին նախագահի պաշտոնում կարող է փոխարինել հենց Ալիևան
Փետրվար 23 15:26 2017

«Յուրաքանչյուր իշխող պետք է իրեն ապահովագրի, երբեք չի կարող վստահ լինել՝ վաղը կլինի՞, թե՞ ոչ, և եթե Իլհամ Ալիևն ուզում է իշխանությունը հետագայում փոխանցել որդուն, ապա նա այսօր իշխանությունը պետք է տար ամենավստահելի մարդուն՝ այս դեպքում՝ կնոջը, ով հետո կփոխանցի իր որդուն՝ Հեյդար Ալիև կրտսերին»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռազմինֆո լրատվական կայքի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

«Եթե խոսում ենք Ադրբեջանի մասին, պետք է հստակ պատկերացում ունենանք իրենց համակարգից, իսկ իրենց մոտ համակարգը կլանային է, այսինքն՝ կան ավանդաբար եկած ընտանիքներ, որոնք ղեկավարում են երկիրը. յուրաքանչյուրը մի ոլորտ է վերահսկում: Իլհամ Ալիևի կին Ալիևան ներկայացնում է Փաշաևների ընտանիքը, Ալիևը ներկայացնում է նախիջևանյան ընտանիքը, և այս ընտանիքների միջև ժամանակին եղել է պայմանավորվածություն, որ Փաշաևների օգնությամբ Ալիևը կարողանա երկիրը ղեկավարել: Իսկ իրեն օգնող կլանին փոխնախագահ նշանակելն էլ հենց այս ծրագրի շարունակական իրականացումն էր»,- ասաց նա:

Ալիևային փոխնախագահ նշանակելու մյուս պատճառը, որի մասին խոսեց վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը, Ադրբեջանի տնտեսական ճգնաժամն է. «2015թ.-ից սկսած Ադրբեջանը տնտեսական ճգնաժամի մեջ է՝ կապված նավթի գների անկման հետ: Սրա հետևանքով ռեսուրսները խիստ նվազում են: Այս տնտեսական ճգնաժամի ֆոնին Ալիևն իր դիրքերը թուլացած է զգում և չի վստահում իր շրջապատից ոչ ոքի, արդյունքում՝ փոխնախագահ նշանակում է իր համար ամենավստահելի մարդուն՝ իր կնոջը: Բացի այդ՝ եթե նայենք Ալիևայի վերջին տարիներին տարվող քաղաքականությանը, կտեսնենք, որ PR-ի և նրա հեղինակությունը բարձրացնելու քաղաքականություն է տարվել՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս: Կան կարծիքներ, որ Ալիևին հաջորդողը նախագահի պաշտոնում կարող է լինել հենց Ալիևան, և միգուցե 2018 թվականին հենց նրան առաջ քաշեն: Այստեղ մի բան հստակ է, որ իշխանությունը փոխանցվելու է. Գուցե որոշ ժամանակով՝ Ալիևային, հետո Հեյդար Ալիև կրտսերին՝ իրենց որդուն: Ամեն դեպքում գործընթացները սրա մասին են խոսում»:

Անդրադառնալով փոխնախագահի ինստիտուտի իրավասություններին՝ վերլուծաբանն ասաց.

«ԱՄՆ-ում կա փոխնախագահի ինստիտուտ: Փոխնախագահն առաջ է քաշվում նախագահի կողմից, անցնում է ընտրական գործընթացը և ընտրությունների արդյունքում դառնում է փոխնախագահ: Ադրբեջանի պարագայում փոխնախագահն անհամեմատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան ԱՄՆ-ի փոխնախագահը: Նա նշանակվում է անմիջապես նախագահի կողմից, ուղղորդվում է նրա կողմից, անձեռնմխելիությունից նրան կարող է զրկել միայն նախագահը: Սրանով ուժեղանում են Ալիևի դիրքերն Ադրբեջանում»:

Իսկ թե սա ինչքանո՞վ կարող է ազդել Հայաստանի վրա, վերլուծաբանը պատասխանեց.

«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում առաջիկա տարիներին առանձնապես գուցե շատ բան չփոխվի, շատ բան փոխվելու է Ադրբեջանի ներքին կյանքում: Կան գնահատականներ, որ բոլոր նրանք, ովքեր ձգտում էին դառնալ առաջին փոխնախագահ, կարող է սկսեն պայքար: Կան վտանգներ, որ Ադրբեջանում կարող է ներկլանային սուր պայքար սկսվել: Երբ Ադրբեջանի ներքաղաքական գործընթացները լարված են լինում, իշխանությունը փորձում է հակակշռել՝ սահմանին որոշակի լարվածություն առաջացնելով: Ու եթե առաջիկա ամիսներին սկսվի ներքաղաքական պայքար, մենք կարող ենք սպասել ավելի ագրեսիվ գործողությունների»: