Օրենքը թույլ է տալիս առանց բոյկոտողների էլ նիստ գումարել, ուղղակի ես հակված եմ, որ նիստը տեղի ունենա ամբողջ կազմով. Ասլանյան


Օրենքը թույլ է տալիս առանց բոյկոտողների էլ նիստ գումարել, ուղղակի ես հակված եմ, որ նիստը տեղի ունենա ամբողջ կազմով. Ասլանյան
Փետրվար 23 13:12 2017

Վանաձորի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա մոտ օրերս՝ մինչև փետրվարի վերջ: Այս մասին Armday.am-ին փոխանցեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Ասլանյանը հայտարարեց, որ բոյկոտողների՝ նիստերին չներկայանալու հանգամանքը իրենց չի խանգարում նիստ գումարել. «Օրենքը մեզ թույլ է տալիս առանց բոյկոտոեղների էլ նիստը գումարել, կառաջնորդվենք օրենքով: ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի համաձան՝ ավագանու անդամների բավարար քանակության մարդիկ են պետք, որոնց առկայաության դեպքում կարող են ընդունվել որոշումներ: Տվյալ դեպքում ինը հոգին բավարար է նիստ գումարելու համար»:

Ըստ Ասլանյանի՝ նախընտրական պրոցեսն է պատճառը, որ բոյկոտողները չեն ներկայանում նիստերին:

«Այլ տարբերակ չեմ էլ կարող այս պահին դիտարկել, մանավանդ որ այսօր մարդիկ, կարծես, մոռացել են , որ Վանաձորի կամ Վանաձորի խնդիրների համար էր իրենց ավագանի ընտրվելու պայքարը, և այսօր բոլորը լծված են այլ՝ քաղաքական հարթությունում իրենց խնդիրները լուծելուն»,-ասաց նա՝ հավելելով, որ խնդրին կա օրենսդրական հանգուցալուծում:

«Ուղղակի ես հակված եմ, որ ավագանու նիստերը տեղի ունենան ամբողջ կազմով, որովհետև Վանաձորում բազմաթիվ խնդիրներ կան, ես կուզեի, որ ավագանու բոլոր անդամները այդ խնդիրների լուծմանը և որոշումների կայացմանը մասնակից լինեն, որովհետև դա առնչվում է ամբողջ Վանաձորին և ավագանու մի հատվածը ճիշտ չէ, որ այսքան խնդիրների կուտակման մեջ իր վրա մեծ պատասխանատվություն վերցնի: Նաև առողջ մթնոլորտում են միշտ լավ, ճիշտ որոշումներ ընդունվում, դրա համար ես հակված եմ, համախմբվածության և որ մասնակցային կառավարման սկզբունքի համաձայն Վանաձորի ավագանին իր գործունեությունը ծավալի»,-ասաց Ասլանյանը:

Նա նաև նշեց, որ բոյկոտողների հետ առանձին զրույց ունեցել է. «Շփումներում ինչ-որ միմյանց նկատմամբ մեծ արգելքներ չունենք, պատնեշներ չունենք շփման: Զուտ քաղաքական հարթության խնդիրներ են, անձնական հարաբարերություններում մենք նորմալ որպես համաքաղաքացիներ շփվում ենք»:

Հիշեցնենք, որ ավագանու 3 խմբակցություններ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանն» ու «Հայկական վերածնունդը» բոյկոտում են ու չեն մասնակցում ավագանու նիստերին: Նրանք առաջարկում են Մամիկոն Ասլանյանին հրաժարական տալ, իսկ քաղաքապետն ու իշխող ՀՀԿ-ն էլ, որի անդամ է Ասլանյանը, ասում են, որ հրաժարական տալու պատճառ չունեն:

Ընդդիմադիրների համոզմամբ` Ասլանյանն ընտրված քաղաքապետ չէ:

Լուսանկարը՝ panarmenian.net-ի: