Ինչու՞ զինվորին ծխախոտ չեն տալու. մեկնաբանում է Վիգեն Սարգսյանը


Ինչու՞ զինվորին ծխախոտ չեն տալու. մեկնաբանում է Վիգեն Սարգսյանը
Փետրվար 23 11:55 2017

ՀՀ  կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց որոշման փոփոխության վերաբերյալ նախագիծ, որը վերաբերում էր զինծառայողների ծխախոտի օգտագործումը պարենային բավարարման ցանկից հանելուն:

Նախարարը նշեց, որ այդ հարցը երեկ բավական մեծ իրարարնցում էր առաջացրել հասարակության շրջանում, ահա ինչու ցանկանում է պարզաբանել:
«Խոսքը վերաբերում է տվյալ դեպքում պայմանագրային զինծառայողներին, որովհետև ժամկետային զինծառայողների ծխախոտի խնդիրը փոխհատուցվել է գումարով դեռ տարիներ առաջ, և ժամկետային զինծառայողները այսպես թե այնպես ծխախոտ չեն ստացել : Իսկ պայմանագրային զինծառայողների համար հաշվարկվել է օրեկան մեկ տուփ ծխախոտ մարտական դիրքերում գտնվելու ընթացքում , որը մեր գնահատմամբ, չի տեղավորվում մեր քաղաքականության տրամաբանության մեջ, դրա համար մենք առաջարկեցինք, որ նույն գումարը, որը ծախսվում է ծխախոտի վրա, ավելացնել հավելավճարներին, որպեսզի նրանք, ովքեր չեն ծխում , չխրախուսվեն ծխելու, իսկ նրանք ովքեր ծխում են, կարողանան ընտրել իրենց նախընտրած ծխախոտը , կամ այդ գումարն օգտագործել իրենց հայեցողությամբ: Որևէ այլ բան այս որոշմամբ չի արվում: Երեկ հետաքրքիր էր հետևել քննարկումներին, որոնցում մեկնաբանվում էր որպես զինվորից ծխախոտը խլելու որոշում, իհարկե նման բան գոյություն չունի»- ասաց Վիգեն Սարգսյանը:
Կարեն Կարապետյանն արձագանքեց. «Դրա համար էիք՞ այդքան մանրամասն պատմում»,- հարցրեց վարչապետը:
«Այո, որովհետև երեկ այդ հարցը շատ բուռն քննարկվեց»,- նշեց  Վիգեն Սարգսյանը: