Ինչպե՞ս իմանալ՝ որքան կենսաթոշակային խնայողություն ունեք


Ինչպե՞ս իմանալ՝ որքան կենսաթոշակային խնայողություն ունեք
Փետրվար 23 10:51 2017

Կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցը կարող է պարբերաբար տեղեկանալ, թե որքան գումար է կուտակվել իր կենսաթոշակային հաշվին, եւ որքանով են այդ միջոցները ավելացել կառավարման արդյունքում:

Կան մի քանի եղանակներ, որոնց միջոցով կարելի է նույնիսկ ամեն օր հետեւել` արդյոք վճարումները կատարվում են ճիշտ չափով եւ ժամանակին, քանի տոկոս եկամտաբերություն են ապահովում կենսաթոշակային ֆոնդերը, որ ֆոնդում են կառավարվում միջոցները:

Առաջին եղանակը համացանցն է. եթե մասնակիցը ունի նույնականացման քարտ եւ քարտը կարդացող սարք, ապա կարող է ցանկացած ժամանակ, ցանկացած վայրից մուտք գործել իր անհատական կենսաթոշակային հաշիվ եւ հետեւել իր միջոցների շարժին, ինչպես նաեւ ներկայացնել, օրինակ, կենսաթոշակային ֆոնդի եւ կառավարչի ընտրության, փոփոխության դիմումներ:

Առցանց եղանակով կենսաթոշակային հաշիվ կարելի է մուտք գործել www.epension.am միասնական սոցիալական պորտալի «Իմ հաշիվը» հավելվածի միջոցով:

Եթե չունեք նույնականացման քարտ կամ քարտը կարդացող սարք, ապա կարելի է օգտվել հաշվի օպերատորների ծառայությունից: Հարկավոր է ներկայացնել անձնագիր եւ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ):

Հաշվի օպերատորներ են Հայփոստը, Արարատբանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը, Ինեկոբանկը, ՎՏԲ բանկը եւ Կոնվերսբանկը: Ձեր կենսաթոշակային հաշվի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով նշված կազմակերպություններից որեւէ մեկի ցանկացած մասնաճյուղ:

Կենսաթոշակային հաշիվը ստոգելու երրորդ եղանակը բանկոմատներն են` եթե դրանք միացված են ԱրՔա համակարգին: «Լրացուցիչ ծառայություններ» բաժնից ընտրելով «կենսաթոշակային հաշվի քաղվածք» հրահանգը` կտեսնեք տվյալ պահի դրությամբ Ձեր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների ընդհանուր չափը եւ հաշվով կատարված վերջին տասը գործարքները:

Կենսաթոշակային հաշվիը ստուգելը խիստ կարեւոր է. նաեւ մասնակցի հետեւողականությունից է կախված, թե որքան արդյունավետ կկառավարվեն նրա միջոցները: Հետեւելով վճարումների պարտաճանաչ կատարմանը եւ ֆոնդերի եկամտաբերությանը` կարելի է անուղղակի մասնակցություն ունենալ կուտակային միջոցների կառավարման գործընթացում:

Եթե, օրինակ, մասնակիցը հայտնաբերում է, որ որեւէ ամսվա գումար արտացոլված չէ հաշվում, ապա հարկավոր է դիմել լիազոր մարմիններին` խնդիրը կարգավորելու համար: Այլապես այդ գումարը, կենսաթոշակային հաշվին փոխանցված չլինելու պատճառով, չի կառավարվում եւ չի ապահովում լրացուցիչ եկամուտներ, ինչը կարող է ազդել ապագա կենսաթոշակի չափի վրա:

Հետեւեք նաեւ տարբեր ֆոնդերի եկամտաբերությանը` հասկանալու համար, թե որ ֆոնդերն են ավելի բարձր եկամտաբերություն ապահովում եւ, ըստ այդմ, փոխեք Ձեր կենսաթոշակային ֆոնդը`միջոցները տեղափոխելով առավել արդյունավետ կառավարվող ֆոնդեր:

Բոլոր հարցերով քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին եւ www.epension.am կայքի առցանց խորհրդատուին:



loading...