Փաստաբանը՝ ՔԿՀ-ներում խուզարկությունների մասին


Փաստաբանը՝ ՔԿՀ-ներում խուզարկությունների մասին
Փետրվար 22 21:01 2017

Վերջերս քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները սկսել են փորձել խուզարկել ՔԿՀ-ներ մուտք գործող փաստաբաններին ու նրանց մոտ առկա փաստաթղթերը՝ ծանոթանալով դրանց բովանդակությանը՝ պարզելու համար դրանց վերաբերելիությունը քրեական գործի նյութերին և պատճառաբանելով, որ ՀՀ կառավարության 03.08.2006թ. թիվ 1543-Ն որոշմամբ հաստատված ներքին կանոնակարգի համաձայն նման իրավունք ունեն: Խուզարկվելուց հրաժարվող փաստաբաններին ընդհուպ գրավոր որոշմամբ արգելում էին իրենց պաշտպանյալներին տեսակցելը։

Այդ իրավիճակը մամուլում հրապարակումների և քննարկումների առիթ դարձավ։
Այդ կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմեց ՀՀ արդարադատության նախարարին, իսկ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը հանդես եկավ դատապարտող հայտարարությամբ։

Տեղի ունեցավ նաև Փաստաբանների պալատի նախագահի, Արդարադատության նախարարի և ԱՆ քրեակատարողական վարչության պետի հանդիպում, որի արդյունքում համատեղ հայտարարություն տարածվեց։
Փաստաբանների շրջանում քննարկումներ են սկսվել այդ հայտարարության կապակցությամբ։ Մեր գործընկեր Երվանդ Վարոսյանն, օրինակ, գտնում է, որ այդ հայտարարությունն ավելի լավ է չլիներ։

Ես այլ կարծիքի եմ։

Այսպես, մինչ հայտարարությունը ՔԿՀ աշխատակիցները գտնում էին որ իրավասու են ՔԿՀ մուտք գործող փաստաբաններին ու նրանց մոտ առկա փաստաթղթերը խուզարկել, ընդհուպ փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալ, պարզելու համար թե դրանք որքանով են վերաբերվում փաստաբանի պաշտպանյալի քրեական գործին։

Արդարադատության նախարարի ու ՔԿՀ վարչության պետի մասնակցությամբ տարածված հայտարարությամբ ըստ էության ՔԿՀ աշխատակիցներին պարզաբանվեց որ՝

1. չի թույլատրվում խուզարկել փաստաբանին իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս,

2. քրեակատարողական հիմնարկ մուտք և ելք գործող անձը, ինչպես նաև նրա իրերը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից կարող են ենթարկվել զննության, այլ ոչ խուզարկության,

3. քրեակատարողական հիմնարկ մուտք գործող փաստաբանի մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու:

Ինչպես տեսնում ենք ՔԿՀ-ների ղեկավարներին և աշխատակիցներին պարզաբանվել է, որ փաստաբաններին չի կարելի խուզարկել, ուստի կառավարության սահմանած կանոնակարգը այդ մասով փաստաբանների վրա չի տարածվում, իսկ նրանց մոտ առկա փաստաթղթերի զննությունն իրականացվում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու, այսինքն զննություն իրականացնողները չեն կարող նայել և ուսումնասիրել այդ փաստաթղթերի գրվածքները։

Հայտարարությանն 5-րդ կետում խոսք է գնում այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարությունը քննարկման առարկա կդարձնի փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան չափանիշների պահպանմամբ համակարգիչների, արգելված իրերի և առարկաների ցանկում ընդգրկված լինելը վերանայելու առումով համապատասխան օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

Այս կետի հետ կապվան մեր գործընկերն անհասկանալի է համարում, թե ինչ կարիք կար անդրադառնալ ՔԿՀ համակարգչով մուտք գործելու հարցին, երբ այդ հարցը նախկինում արդեն լուծված էր։ Մասնավորապես դեռևս 2010 թվականին, երբ Արդարադատության նախարարն էր Գևորգ Դանիելյանը բոլոր ՔԿ հիմնարկներ էր ուղարկվել համապատասխան հանձնարարական, որով սահմանվում էր փաստաբանների կողմից համակարգիչներով ՔԿՀ-ներ անարգել մուտք գործելը։

Համակարգիչներով ՔԿՀ մուտքի հետ կապված նշեմ, որ Արդարադատության նախարարի 2010թ. հանձնարարականի պայմաններում իրականում փաստաբաններին թույլատրվեց համակարգիչներով տեսակցել պաշտպանյալների հետ, սակայն յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ՔԿՀ պետի մակագրությամբ թույլտվությամբ: Իսկ համապատասխան օրենսդրական փոփոխությունների առկայության դեպքում համակարգիչները կհանվեն արգելված իրերի ցանկից և այլևս օրենսդրական արգելք չի լինի դրանցով պաշտպանյալներին տեսակցելը: Ի դեպ, նման կարգավորման անհրաժեշտությունն արդեն հրամայական է, քանի որ բազմաթիվ գործերով գործի նյութերը տրամադրվում են էլեկտրոնային կրիչով, ինչը նշանակում է, որ պաշտպանյալի հետ գործի նյութերով աշխատելն անհնար կլինի առանց համակարգիչների, ուստի բնական է, որ այն պետք է հանվի արգելված իրերի ցանկից, այլ ոչ թե մնա այսօրվա վիճակը, երբ համակարգչով տեսակցության յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է ՔԿՀ պետի գրավոր թույլտվությունը:

Հ.Գ.

Այս տեսակետը պատրաստ էր հրապարակման, երբ Երվանդ Վարոսյանը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում զննության անվան տակ համատարած խուզարկության պահանջներ են ներկայացվում և որոշ փաստաբանների մուտքն արգելում էին:

Եթե նման բան կա դա ապօրինություն է և պետք է համարժեք պատասան ստանա: Վաղն անձամբ կայցելեմ ՔԿՀ` տեղում պարզելու իրավիճակը:

Փաստաբան` Կարեն Մեժլումյան



loading...