Ռոշբլուանը ողջունում է ԼՂ հարցով հանդիպումը կազմակերպելու Օլանդի առաջարկությունը


Ռոշբլուանը ողջունում է ԼՂ հարցով հանդիպումը կազմակերպելու Օլանդի առաջարկությունը
Փետրվար 22 19:41 2017

Արցախի ժողովուրդը, 1991թ. ստեղծելով հանրապետություն, արդեն կիրառել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը՝ ողջունելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա:
«Պետք է ողջունել նախագահի հայտարարությունը, որը հստակորեն ընդգծում է այս անկախության միջազգային ճանաչման հեռանկարը: Մեր շրջանակի առաքելությունն է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանն ուղղված ցանկացած քայլին աջակցությունը, ուստի չենք կարող չաջակցել հանդիպում կազմակերպելու նախագահի Օլանդի առաջարկությանը»,- հավելել է Ռոշբլուանը:
Նա շեշտել է նաև, որ բանակցությունների արդյունավետության բարձրացման նպատակով պետք է վերահաստատել հավատարմությունը 1994թ. եռակողմ համաձայնությանը և մեկտեղել երեք կողմերին էլ՝ Հայաստանին, Ադրբեջանին և Լեռնային Ղարաբաղին:
Փետրվարի 8-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ճաշկերույթի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ պատրաստվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ Հայաստանի ղեկավարի՝ Փարիզ կատարելիք այցի ընթացքում: « Մենք պետք է անդրադառնանք հակամարտության կարգավորման տարրերին, որոնք արձանագրված են Մադրիդյան սկզբունքներում: Մենք գիտենք նաև, որ երբ վերջիններս կիրառվեն, դրանք պետք է հիմնվեն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման վրա, ուստի այս ճանապարհով առաջ շարժվելու համար Ֆրանսիան նոր հանդիպում կկազմակերպի Հայաստանի և Ադրբեջանի հետ»,- շեշտել է Ֆրանսուա Օլանդը:



loading...